ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

 

-Պարոն Մելիքյան, ինչպես գիտեք՝ Ամերիկան արդեն սկսել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին փոխարինող փնտրել, ինչը, ինչ-որ իմաստով, անակնկալ որոշում կարելի է համարել: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է արդյոք հստակ մեսիջներ տեսնել Ուորլիքի փոփոխության մեջ, կամ՝ ինչի՞ մասին կարող է այս ամենը վկայել:


-Պարոն Ուորլիքը ոչ միայն թողնում է իր ներկայիս պաշտոնը, այլև, որքան գիտեմ, պատրաստվում է ընդհանրապես լքել դիվանագիտական ծառայության ոլորտն ու աշխատանքի անցնել մասնավոր իրավաբանական ընկերությունում: Նույն կերպ վարվեց նաև իր նախորդը՝ Մեթյու Բրայզան, այն տարբերությամբ, որ եթե պարոն Ուորլիքը համագործակցելու է Ռուսաստանի հետ փոխկապակցված գործարարների հետ, ապա պարոն Բրայզան նախընտրեց թուրքական բիզնես-միջավայրը: Միևնույն ժամանակ, պարոն Ուորլիքի հեռացումը ամերիկացի համանախագահողի պաշտոնից՝ տեղավորվում է այն ժամկետային շրջանակների մեջ, որոնց համապատասխան՝ սովորաբար իրականացվում է կադրային ռոտացիան՝ ՄԽ համանախագահների մասով: Ինչ խոսք, պահը ճիշտ է ընտրված նաև այն պատճառով, որ ԱՄՆ նոր նախագահ է ընտրված, և վերջինիս նախընտրական հռետորաբանությունն արտաքին քաղաքական ուղեգծի որոշակի թարմացում է նախատեսում, ինչը ենթադրում է, որ հունվարից հետո, առհասարակ, կարող է արտերկրում ԱՄՆ դեսպանների կորպուսի զգալի փոփոխություն տեղի ունենալ:

 

-Ձեր կարծիքով՝ Ամերիկան մտադի՞ր է վերանայել հակամարտության կարգավորման գործում իր ունեցած շեշտադրումները, թե՞ սա ուղղակի աշխատանքային բնույթի կադրային տեղաշարժ է:


-Ես, ամեն դեպքում, հավանական եմ համարում այն, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը կարող է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հանդես գալ նոր նախաձեռնություններով։ Սրընթաց զարգացող աշխարհաքաղաքական գործընթացների տրամաբանությունն այնպիսին է, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում մեր տարածաշրջանը կարող է հայտնվել միջազգային խոշոր դերակատարների՝ այդ թվում նաև պաշտոնական Վաշինգթոնի հատուկ ուշադրության կենտրոնում:

 

-Ընդամենը մի քանի ամիս անց ԱՄՆ նորընտրիր նախագահ Թրամփը կանցնի իր պաշտոնեական լիազորություններին: Ի՞նչ եք կարծում, Ուորլիքի՝ ԱՄՆ-ի կողմից իր համանախագահի փոփոխությունը կարո՞ղ է կապ ունենալ Թրամփի կողմից սպասվող ավելի մեղմ արտաքին քաղաքականության հետ. աղերսներ կա՞ն այս երկու իրադարձությունների միջև։


-Հավանական է, որ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք փոխվեն ԱՄՆ մարտավարական մոտեցումները՝ միջազգային հարաբերությունների համակարգում ամերիկյան շահերն առաջ մղելու ճանապարհին, սակայն ռազմավարական նպատակներն ու թիրախները հիմնականում կմնան նույնը: Կարծում եմ, որ ԱՄՆ նոր հանրապետական վարչակազմը կձգտի հասնել երկրի առջև կանգնած ռազմավարական նպատակներին, արմատապես վերաբաշխելով միջազգային անվտանգության ապահովման համար պատասխանատվության բեռը՝ իր վրայից դրա մի զգալի մասը հանելով և առաջարկելով ուրիշներին: Դրա հետևանքը կարող է լինել մի շարք տարածաշրջանային հակամարտությունների թեժացումը:

-Հայտնի է, որ Օբամայի նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները անկման փուլ թևակոխեցին ու հասան ճգնաժամային վիճակի: Որոշ հեղինակավոր միջազգային վերլուծաբաններ միաբերան պնդում են, որ Թրամփի նախագահության շրջանը կարող է աչքի ընկնել այդ հարաբերությունների միջև առկա լարվածության մեղմացմամբ: Ըստ Ձեզ՝ Թրամփի գալով՝ երկու գերտերությունների երկխոսությունն ավելի՞ կառուցողական բնույթ կստանա, թե՞ սպասելիքները կարող են չարդարացվել, և եթե այո՝ ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում օգտվել միջազգային բարենպաստ իրավիճակից և ինչպե՞ս կարող է այդ ամենն անդրադառնալ արցախյան հիմնահարցի վրա:


-Պուտին-Թրամփ ջերմ անձնական հարաբերությունների հաստատումը կարևոր է լինելու Ռուսաստանի համար, սակայն Մոսկվան պետք է հաշվի առնի նաև այն, որ ամերիկյան նոր արտաքին քաղաքական մարտավարությունը զգալիորեն ծանրաբեռնելու է հենց ռուսական կողմին, քանի որ դրա կիրառման արդյունքում կարող են ակտիվանալ հատկապես վերջինիս կենսական շահերի գոտում գտնվող կոնֆլիկտածին օջախները:

 

-Եթե Ամերիկան առավել նվազ ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարի, քան՝ հիմա՝ Մեծ Մերձավոր Արևելքում գնալով իրավիճակի մեղմացման և փորձի ռուսների հետ ավելի շատ համաձայնության գալ, քան մրցակցել, ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա այդ՝ ըստ էության տեկտոնական տեղաշարժը, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ալիևի առջև կանաչ լույս վառողները, ելնելով փոխգործակցության կառուցողական սկզբունքից, հետ կկանգնեն Անդրկովկասը հրի ճարակ դարձնելու՝ իրենց հավանական պլաններից:


-Անկախ այն բանից, թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով առկա հակամարտության համատեքստում ՀՀ և ԼՂՀ ազգային շահերն ու կարողունակ անվտանգության համակարգ ունենալու առաջնային պահանջը հրամայական է դարձնում նոր բանակցային մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտությունը: Այս պահի դրությամբ՝ մեր բանակցային դիրքերը թույլ են և գնալով թուլանում են:

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի