«Հրապարակի» զրուցակիցն է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
- Սփյուռքի հանձնակատար Սինանյանը սփյուռքի համայնքներում հանձնակատարներ է նշանակում, որպես կանոն, իշխանությունների համակիրների շրջանակից։ Ֆրանսիայում արդեն հանձնակատար նշանակե՞լ են։
- Փետրվարի վերջերին է Սինանյանը եկել Ֆրանսիա եւ հայտարարել, որ պիտի նշանակեր հանձնակատարի ներկայացուցիչներ, պատգամավորներ։ Դեռ սպասում ենք, անուն չի հրապարակվել, կարծեմ՝ դժվարություններ ունի։
- Ի՞նչ դժվարություններ, մարդիկ չե՞ն համաձայնում։
- Ոչ, մարդիկ մերժում են։ Մենք 1-2 հոգու անուն իմացանք, որ մերժել են Սինանյանին, որովհետեւ ի՞նչ իմաստ ունի սփյուռքի մեջ այս կառավարության ներկայացուցիչը լինել։ Նախեւառաջ դեսպանները կան, նրանք պաշտոնական ներկայացուցիչներն են, պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ։ Հարգենք դեսպաններին, հարգենք դիվանագիտական համակարգը։ Այդ անձերից գոնե մեկ հոգու գիտեմ, ում առաջարկել են, սակայն վերջինս մերժել է, որովհետեւ այդ անձը գիտի, որ եթե ընդունի, կխայտառակվի եւ կվարկաբեկվի Ֆրանսիայի մեջ։
- Այսինքն՝ Փաշինյանի համակիրները խուսափո՞ւմ են բաց համագործակցության գնալ։
- Ինչու՝ որովհետեւ իրենք չեն կարող երկրորդել Արցախի հանձնումը, չեն կարող երկրորդել ցեղասպանության հարցով Նիկոլի քաղաքականությունը, զիջողական քաղաքականությունը, Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելը։ Դժվար է այսօր Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը լինել սփյուռքում, դժվար է։ Դեսպաններն ուրիշ հարց են, նրանք իրենց գործն են անում, դիվանագիտական կադրեր են, եւ նորմալ է, որ, անշուշտ, իրենց համակարգն է պետության։
- Եկել եք Ձեր զորակցությունը հայտնելու Բագրատ սրբազանին եւ շարժմա՞նը, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք ակնկալում։
- Մենք հանդիպեցինք Բագրատ սրբազանին։ Առաջին անգամն է, որ հանդիպում էի իրեն, շատ լրջորեն եւ մոտիկից հետեւել եմ նրա քայլերին, հարցազրույցներին ու ելույթներին, իր ոճին եւ նկատել եմ, որ իսկապես մեծ մարդ է, եւ ինքը կարող է Հայաստանի առաջիկա ղեկավարը դառնալ, եթե ուզի։ Իր ծրագրով, իր տեսլականով նա կարող է վերամիավորել հայ ազգը։ Երբ որ ասում է, որ պետք է համերաշխություն լինի, երբ ասում է, որ ռազմավարական միաբանություն լինի հայ ազգի մեջ, երբ նշում է, որ Նիկոլ Փաշինյանը պառակտեց հայ ժողովրդին՝ զատելով սեւերի ու սպիտակների, ժողովուրդի եւ էլիտայի, նախկինների եւ նորերի, ներսի եւ դրսի հայերի, Հայաստանի եւ Արցախի հայերի․․․ այդ բաժանումը տկարացնում է հայկական կողմին։ Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանն այս քաղաքականությունը տանում՝ տկարացնելո՞ւ համար հայկական կողմը։ Նաեւ ուզում եմ դատապարտել այդ քայլերը, որ արեց սփյուռքահայերի դեմ, որ արգելեց սփյուռքահայերին՝ մտնել Հայաստան։ Միայն իմ պարագան չէ, իմ հարցը լուծվեց դատարանով, որովհետեւ ես պայքար տարա եւ դատարանով բեկանել տվեցի այդ անարդար որոշումը։ Սակայն Ֆրանսիայում մեր ընկերը՝ Նժդեհ Կարակավորյան, ում արգելված է, Հոլանդիայում Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը, ովքեր եւս դատարանով շահել էին գործը, սակայն Նիկոլ Փաշինյանը բողոքարկեց այդ որոշումը։ Հոլանդիայում ունենք նաեւ Ասլան Ասլանյանը եւ ԱՄՆ-ում երիտասարդ բարեկամուհի։ Այս մթնոլորտը, որ հաստատել է Նիկոլ Փաշինյանը, մեզ տկարացնում է, եւ այս էջը պետք է թերթել։ Հույս ունենք, որ այս շարժումը կհաջողի ու կհանգեցնի իշխանափոխության, որ հնարավոր լինի նոր կառավարություն ստեղծել, եւ այս նոր կառավարությունը կարողանա հավաքել բոլոր ազգը միասին, որովհետեւ մենք միասին անելիքներ ունենք, սփյուռքն ու Հայաստանը միասին անելիքներ ունեն։ Անհրաժեշտ է ռազմավարական համաձայնություն կնքվի Հայաստանի եւ սփյուռքի միջեւ, որպեսզի սփյուռքը չանտեսվի, չպառակտվի, որովհետեւ սփյուռքը Հայաստանի ծովն է՝ Հայաստանը ծով չունի։ Ի՞նչ ունի՝ սփյուռք։ Սփյուռքը պատրաստ է, արդեն քանի տասնյակ տարիներ ի նպաստ Հայաստանի, Արցախի, Հայ դատի աշխատած սփյուռքն այսօր փոքր-ինչ կորսված է, որովհետեւ քաղաքական նպատակները շատ տարբեր են։ Երբ որ Արցախի շուրջ տարբեր են, ցեղասպանության ճանաչման շուրջ տարբեր են, Հայաստանի անվտանգության շուրջ տարբեր է, ուրացման դեմ պայքարը, որ սփյուռքը տանում է, տարբեր է։ Հիմնական կետերի շուրջ լուրջ տարբերություններ կան (ՀՀ կառավարության հետ), ուրեմն հնարավոր չէ միասին աշխատել։ Միասին կարող ենք աշխատել, երբ ռազմավարական նպատակները նույնն են, ուրեմն այս էջը պետք է թերթել, նոր էջ պետք է բացել, որովհետեւ եթե չբացվի, լուրջ վտանգի տակ է Հայաստանը։ Եվ սփյուռքն առանց Հայաստանի շատ երկար չի կարողանա գոյատեւել:
- Փաշինյան-Մակրոն հարաբերությունները շարունակվո՞ւմ են, փոփոխություններ կա՞ն Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում:
- Անկեղծ կլինեմ․ Մակրոնն այնքան պրոհայաստան է, այնքան պրոհայկական է, բայց ո՞ւմ շնորհիվ՝ սփյուռքի շնորհիվ, մեր սփյուռքն այնքան աշխատանք է տարել տարբեր նախագահների, տարբեր կառավարությունների հետ: Այսօր Ֆրանսիայում մենք զրոյի հավասարեցրինք Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգները՝ այնքան աշխատեցինք, որ զրոյի վերածեցինք: Այսօր Մակրոնը՝ ինքը, պրոհայկական լինելով, մեզ հետ համագործակցում է համակրանքով, բայց նաեւ Հայաստանի ղեկավարի հետ, ոչ հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ: Ով որ լինի այդ ղեկավարը, ինքը կհամագործակցի, կօգնի Հայաստանին՝ իր բոլոր ուժերով, որովհետեւ մենք ենք պահանջում դա: Այնքան հայրենասիրությամբ ենք մենք լցված, որ տարբերում ենք իշխանություններն ու պետականությունը: Մեզ համար իշխանությունները կգան-կգնան, պետականությունները պատմության մեջ կարեւոր են: