Հայկական կողմը երբեք չի խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններից և տարբեր հանդիպումներից: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Միակ ակնկալիքը եղել է այն, որ նման հանդիպումները լինեն արդյունավետ: Իսկ արդյունավետության մասին մենք կարող ենք դատել այն տեսանկյունից, որ առ այսօր բանակցային գործընթացում առաջընթաց չկա: Ավելին, ներկա փուլում անհնար է սպասել առաջընթաց, քանի դեռ չեն իրականացվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները»,-ասաց Քոչարյանը:
Նա հավելեց, որ անհնար է բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրել, քանի դեռ կա պատերազմի վերսկսման սպառնալիքը, քանի դեռ կողմերի միջև չկա վստահություն, քանի դեռ կրակում են, շփման գծում սադրանքներ են կազմակերպվում: «Սա այն իրողությունն է, որն արձանագրվել է Վիեննայում ապրիլյան պատերազմից հետո և այդ ուղղությամբ են առաջին հերթին պետք բանակցություններ, որպեսզի 1994թ. զինադադարի անժամկետ համաձայնագիրը գործի: Հիշեցնեմ ձեզ, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը նորություն չէ: Դա Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, որովհետև 1995թ. եռակողմ համաձայնագրում արդեն այդ մեխանիզմի մասին խոսվում էր: Ակնհայտ է, որ ցանկացած զինադադար պետք է պարունակի այդ տարրը, որպեսզի հրադադարը պահպանվի»,- մանրամասնեց Շավարշ Քոչարյանը: