ԵԱՀԿ Մշտական խորհրդի հունվարի 11-ի նիստում ելույթ ունեցավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Մշտական խորհդում ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ' Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն:
Ներկայացնելով ԵԱՀԿ իտալական նախագահության առաջնայնությունները՝ գործող նախագահն առանձնահատուկ անդրադարձ կատարեց ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտությանը և հաստատեց իտալական նախագահության պատրաստակամությունն աջակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու միջոցով:
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն, և տարբերվում են նաև դրանց կարգավորման սկզբունքները և ձևաչափերը: Այս տեսակետից արժևորվեց իտալական նախագահության դիրքորոշումը՝ աջակցել հակամարտության կարգավորման առանձին ձևաչափերի գործունեությանը:
Դեսպան Կիրակոսյանը նշեց նաև, որ Հայաստանն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ կարգավորելու ԼՂ հակամարտությունը երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:
Առանձնահատուկ շեշտադրվեց շփման գծում լարվածությունը նվազեցնելու միջոցառումների, այդ թվում գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ամրապնդման և հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծվեց դիպուկահարներին շփման գոտուց հետ քաշելու անհրաժեշտությունը՝ ի կատարումն ԵԱՀԿ նախկին նախագահությունների և Մինսկի խմբի համանախագահների կոչերի:
Անդրադառնալով Երևանյան գրասենյակի փակումից հետո ԵԱՀԿ հետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությանը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց «Հայաստանի հետ համագործակցության» ԵԱՀԿ ծրագրի իրականացումը և դրա ուղղությամբ իտալական նախագահության աջակցությունը: