Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ՀՀԿ-ին անդամագրվելու, բավական բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը Կարապետյանի մուտքը ՀՀԿ՝ բնական է համարում:
«Իր գործունեությունից դուրս գալով, նա ստիպված՝ պետք է մտներ ՀՀԿ: Եվ վերջապես՝ դա ոչ մի նշանակություն չունի: Ես համարում եմ, որ ՀՀԿ-ն ոչինչ է, իսկ ոչնչի մեջ մտնելը ոչնչի չի խանգարի: Ավելորդ զբաղվածությունից խուսափելու համար է նա մտել ՀՀԿ: Իմ կարծիքը դա է: Ընդհանրապես, ոչինչ չի փոխվի»,- նշեց Սաղաթելյանը:
Հարցին, թե Հանրապետական կուսակցության անդամ դառնալը չի՞ խանգարի նրա՝ փոփոխություններ անող վարչապետի իմիջին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ: Օրինակ՝ ՀՀԿ մտնում են ու ստրկանում են, ինչպես տեսնում ենք՝ բոլորն են այդ վիճակում, որ իրենց ասում են՝ «ա՛յ տղա, գնա կնոպկեն սխմի՛ ու ձայնդ կտրի՛»: Բայց Կարապետյանի դաստիարակությունը, գենետիկան, թույլ չի տա, որ նման ձևով ստրկանա: Քաղաքապետ եղած ժամանակ կստրկանար, եթե այդպես լիներ: Դրա համար՝ կարծում եմ, որ ՀՀԿ մտնել-չմտնելը ոչ մի կապ չունի»:
Ըստ Սաղաթելյանի՝ Կարապետյանը ժամանակ է շահում, որպեսզի իր ներքին քաղաքականությունը առաջ տանի, իսկ ՀՀԿ մտնելով՝ դա ավելի է հեշտանում: «Իմ կարծիքով՝ Կարեն Կարապետյանը տարբերակ ուներ ՀՀԿ չմտնելու, բայց նա խելամիտ գտնվեց ու որոշեց մտնել և իզուր չխանգարել: «Կարապետյանը ՀՀԿ ծառի պտուղը չի, ուրիշ ծառի պտուղ է»,- իր խոսքը եզրափակեց Մուշեղ Սաղաթելյանը:
Ի դեպ՝ Կարապետյանը ՀՀԿ-ական դառնալու որոշումը հիմնավորում է հետևյալ կերպ. «Առաջինը՝ վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հանրապետական կուսակցության կառավարությունը: Երրորդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն, որը կլիներ ձեր քաղաքական հենարանը:
Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարցը և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝ ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այդտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- նշել է Կարապետյանը՝ Կառավարության նիստի սկզբում:
Քրիստինա Աղալարյան