Այսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ, քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծեց՝ հայ ժողովրդի կենսական շահերի բավարարման տեսանկյունից՝ արցախյան հիմնահարցը եղել է և կա համար առաջինը: Այդ առաջնային հիմնահարցը չի կարող չլինել հանրային ու հասարակական լայն քննարկման թեմա:
«Մենք նպատակ ունենք ձևավորել համազգային միասնական տեսլական, որպեսզի յուրաքանչյուր հայի համար արցախյան հիմնահարցի լուծման տեսլականը հնարավորինս լինի միանշանակ: Այսօր, ցավոք, դա չունենք»,- ասաց Գալստյանը:
Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, ով իր կարճ ելույթում շեշտեց, որ «Միասնություն» համազգային շարժման համար արցախյան հարցը առաջնահերթություն է:
«Երբ մենք խոսում ենք հայրենիքի մասին, մենք հավասարապես խոսում ենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի մասին: Այսօր ունենք երկու հայկական պետություն, բայց պետք է անենք ամեն ինչ, որ այդ պետությունները միավորվեն և մենք ունենանք մեկ միասնական Հայաստան: Ըստ իմ թիմակիցների և ըստ իս՝ Արցախը պետք է Հայաստանի լիարժեք մաս կազմի և օգտվի այն արտոնություններից, իրավունքներից և միջազգային ակտերից, որոնցից օգտվում է Հայաստանը: Ամբողջ աշխարհը խոսում է քաղաքակրթությունից, պրոգրեսից, բայց այսօր Արցախը դուրս է բոլոր պրոցեսներից՝ թե կրթական, թե սոցիալական առումներով»,- ասաց Արման Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախին աջակցությունը ոչ միայն դրամական օգնության տեսքով պետք է լինի, այլ նաև՝ քաղաքական աջակցության:
Վերջինիս խոսքով՝ «Միասնություն»-ը այդ հարցի շուրջ մեծ մտահոգություն ունի և կարծում է, որ պետք է միահամուռ ուժերով անեն այնպես, որ Արցախը միավորվի Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Հայաստանի և Արցախի միավորմանն այլընտրանք չկա: