ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանն ուղերձ է հղել մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ։

 

Ուղերձում ասվում է.

 

«Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս քաջ առողջություն և հաջողություններ ընդհանուր գործունեության մեջ: Շնորհավորում եմ հայ ժողովրդին և հայոց բանակին, քանի որ բրիգադը բոլոր մարտական առաջադրանքները փայլուն կատարել է:

 

5-րդ բրիգադը, որ կազմավորվեց 1992 թվականի նոյեմբերի 28-ին և որի կազմում ընդգրկվեցին Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջանների կամավորականները, կամավորական ջոկատներն ու կամավորական գումարտակները, կատարեց իր առջև դրված խնդիրներն, անցավ փառապանծ մարտական ուղի և ռազմադաշտից վերադարձավ հաղթանակով:

 

Հայ ժողովրդին պարտադրված պատերազմում ձեռք բերած հաղթանակի մեջ անգնահատելի է 5-րդ բրիգադի դերը, և իր մարտիկների կյանքի ու առողջության գնով վաստակած հաղթանակաբեր գործունեության համար բրիգադն անվանվեց Լեգենդար և Հաղթական:

 

Հայոց զինուժի հաղթանակի պատմության մեջ ոսկե տառերով է գրված 5-րդ բրիգադի և նրա յուրաքանչյուր մարտիկի հերոսական մարտական ուղին: Այդ մարտական ուղին անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով և հասնում է ԼՂՀ ու ՀՀ պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:

 

Ես հպարտ եմ, ինձ համար պատիվ է , որ եղել եմ 5-րդ բրիգադի հրամանատարը. հպարտ եմ, որ մարտնչել եմ 5-րդի խիզախ հերոսների հետ, որ նահատակվեցին հանուն հայրենիքի ազատագրման ու հանուն խաղաղության: Ես հպարտ եմ, որ ծառայել եմ ձեզ հետ, սիրելի՛ 5-րդցիներ: Հպարտ եմ, որ այսօր բոլորս միասին 5-րդ բրիգադի փառքն ու հմտությունը փոխանցում ենք նոր սերնդին' երիտասարդ ու պատանի երկրապահներին: Ձեզանից շատերն աշխատում են դպրոցներում պատանի երկրապահների հետ և իրենց փորձը փոխանցելով նոր սերնդին ' պատանի երկրապահին, կազմակերպում են Պատանի երկրապահ ակումբի ռազմահայրենասիրական դաստիարակության գործնթացը, շարունակում են բրիգադի առաքելությունը:
Ես հավատում եմ, որ նոր սերունդը տեր կկանգնի 5-րդի ձեռքբերումներին:

 

Լեգենդար բրիգադի փառապանծ մարտիկների համար իսկական փորձություն էր այս տարվա ապրիլյան պատերազմը։ Դարձյալ, առանց վարանելու, 5-րդցիները կանգնեցին առաջնագծում, դիրքապահ հայ զինվորի կողքին։ 5-րդ բրիգադի հետ ճանապարհ անցած հայորդին ցմահ էլ հայրենիքի զինվորն է և նույնիսկ մահվանից հետո էլ երկնքից է հսկում հայ ազգի անդորրը։

 


Եվս անգամ շնորհավորում եմ բոլորիս բրիգադի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորում եմ բոլորին' և՛ զոհվածներին, և՛ ողջերին՝ անուն առ անուն:
Փա՛ռք 5-րդ բրիգադի նահատակ հերոսներին: Փա՛ռք հերոսներ ծնող հերոս հայ մայրերին:
Փա՛ռք հայ ժողովրդին պարտադրված վերջին պատերազմի բոլոր նահատակներին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:
Փա՛ռք նաև բոլոր նրանց, ովքեր հիշում ու մեծարում են նահատակ ընկերներին, շարունակում են նրանց գործը և փառավորում ապրողներին»