Վերջին շրջանի կարևորագույն ու ամենասպասված իրադարձությունն այլևս անցյալում է. ՀՀԿ համագումարը կայացած իրողություն է: Այն, որ իշխող կուսակցության կողմից գումարվելիք նիստերը, ժողովները կամ ներկուսակցական ցանկացած պարզ քննարկում՝ իշխանական քարոզչամեքենայի կողմից մշտապես ներկայացվել է որպես երկրի կյանքում խիստ կարևոր ու մեծ նշանակություն ունեցող իրադարձություն, նորություն չէ. այս մեկը ևս, ինչպես կարելի էր սպասել, ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել որպես խիստ դարակազմիկ իրադարձություն, որի ընթացքում իբր վճռվելու է Հայաստանի ճակատագիրը՝ չնայած այն բանին, որ կանխավ հայտնի էր, թե ինչ է տեղի ունենալու ԳՄ նիստին: Եվ ուրեմն՝ հարց է առաջանում՝ ինչո՞վ էր տեղի ունեցած ԳՄ նիստը տարբերվում նախորդ ԳՄ նիստերից, կամ հատկապես ինչո՞վ կարելի է այն դարակազմիկ համարել:

 

Կարծում ենք՝ այլևս անհերքելիորեն ակնհայտ դարձավ այն ներկուսակցական յուրատեսակ ճգնաժամը, որ պատել էր ՀՀԿ-ին՝ դեռ շատ վաղուց: Չնայած պարբերաբար ու բավական ինտենսիվորեն խոսվում էր այն մասին, որ ՀՀԿ-ն այլևս վերածվել է մերօրյա ԽՄԿԿ-ի, ու կուսակցությունը բացարձակապես օտարացել ու հեռացել է ներքին ժողովրդավարության տարրական սկզբունքներից, բայց այն, ինչին ականատես դարձանք վերջին նիստում, ամեն տեսակ սպասումներից վեր էր. մթնոլորտը, որում անցկացվեց վերջին ԳՄ նիստը, լավագույն պատասխանն էր նրանց, ովքեր նմանօրինակ խոսակցությունները համարում էին ավելորդ չափազանցություն: Անսխալ տպավորություն էր, թե կուսակցությունում շնչում ու արտաշնչում են բացառապես վերադասի հրահանգով, իսկ, ասենք, վերջինիս հարցեր ուղղելն էլ մահացու մեղք է հանդիսանում. մի տեսակ վախի մնոլորտ էր նկատվում ՀՀԿ ԳՄ նիստում:

Բայց հանրությանը հուզող թիվ մեկ հարցն, անշո՛ւշտ, այն էր, թե ինչ կոչեր կամ ինչ բովանդակության ելույթներ էին հնչելու նիստում, կամ արդյոք դրանցում արտացոլվելո՞ւ էր այն իրականությունը, որում գտնվում է երկիրը՝ բավական տևական ժամանակ: Այս առումով ևս, պետք է նկատել՝ առանձնակի անակնկալներ չգրանցվեցին ու այդպես էլ խորհուրդներից այն կողմ՝ բանը չհասավ: Իսկ որ նմանատիպ ելույթները, որպես կանոն, որևիցե նկատելի ազդեցություն չեն ունենում շարքային քաղաքացու կյանքի վրա, ապացուցում է երկար տարիների պրակտիկան. բազում անգամներ են հնչել դատափետող, յուրօրինակ դաստիարակչական բովանդակության խոսքեր,որոնց ոչ մի էական քայլ չի հետևել, ու երկրում խնդիրներն ինչպես որ կային, այնպես էլ շարունակում են մնալ ու խորանալ:


Մի շատ բնական հարցարդում կարող է առաջանալ՝ ինչպե՞ս են իշխանությունները պատրաստվում երկրում զարգացնել դեմոկրատիան, թափ հաղորդել ժողովրդավարական պրոցեսներին, երբ իշխանական կուսակցության ներսում տիրում է իրական հակաժողովրդավարական մթնոլորտ. ասես «Հանրապետականում» ժամանակը կանգ է առել, ու կուսակցությունը մնացել է հեռավոր 80-ականներում:


Անհերքելի է մնում մեկ բան. երկրում իրական փոփոխություններ պետք է ակնկալել ոչ թե վերևից, քանի որ վերևից ոչ ոք չի պատրաստվում արմատական բարեփոխումների գնալ, այլ՝ ներքևից, երբ հասարակությունը կհզորանա այնքան, այնքան գիտակից ու հասուն կդառնա, որ կհայտնվի վերևներին թելադրողի դերում, իսկ թե երբ կլինի դա, ցույց կտա ժամանակը…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ