«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը» (SOCAR) այսօր հայտարարել է, որ պատրաստ է ուսումնասիրել «Նավթի ու գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերը գնելու հնարավորությունը, եթե Վրաստանը դրանք պաշտոնապես հանի աճուրդի: Իսկ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օրերս հայտարարել է, որ բաժնետոմսերի 25 տոկոսն աճուրդի հանելու մտադրություն ունեն: Նշենք, որ կորպորացիան ղեկավարում է Հայաստանին ռուսական գազ մատակարարող Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածը:
Հարցի առնչությամբ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:
-Պարոն Էրոյանց, նախ՝ ինչպիսի՞ն է այսօր հայ-վրացական հարաբերությունները և հնարավոր համարո՞ւմ եք, որ ադրբեջանական ընկերությունը գնի այդ բաժնեմասը:
-Չեմ կարծում, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են հիմք հանդիսանալ, որպեսզի Վրաստանն ադրբեջանական ընկերությանը չվաճառի գազատար խողովակը, քանի որ Վրաստանը ցանկություն ունի աճուրդի հանել, իսկ աճուրդի պայմաններով, եթե անգամ ադրբեջանական ընկերությունը բավարարի պայմանները, դժվար թե դեմ լինեն: Բայց սա դեռ քննարկման փուլում է: Եվ դեռ հայտնի չէ, թե իրականում ովքեր կարող են մասնակցել այդ աճուրդին, ռեալ գնորդներն ովքեր կարող են լինել: Նույն Գազպրոմը ժամանակին ցանկություն է ունեցել գնել դա: Բացի դրանից՝ 25 տոկոսը, որի մասին խոսվում է, պաշտոնապես ամրագրված չէ, խորհրդարանը դա չի հաստատել: Գուցե հետագայում 50 և ավելի տոկոս կվաճառեն, որը կարող է մեզ համար մտահոգիչ լինել: 25 տոկոսը, չեմ կարծում, որ ռեալ ազդեցություն կարող է ունենալ: Բացի այդ, չեմ կարծում, որ այնտեղ կլինեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միանձնյա կառավարել խողովակաշարը: Ամեն դեպքում՝ պայմաններ, պահանջներ՝ ներառած կլինեն, որոնք ենթադրյալ սեփականատիրոջն ամբողջությամբ ազատություն չեն տա: Կա նաև մեկ հանգամանք, որը կապված է Վրաստանի կողմից եվրոպական էներգետիկ միավորման համաձայնագրին միանալու հետ, որով նախատեսվում է նման խողովակաշարերի ազատականացում: Այնպես որ՝ այնքան պարզ ու պրիմիտիվ չէ սա: Եթե ադրբեջանական կողմը գնի դա, հո միանգամից չի անջատելու գազը: Դա շատ գլոբալ հարց է: Նույն Ադրբեջանը մտավախություն ունի, ուներ և կունենա՝ նավթամուղներին, գազամուղներին հարված հասցնելու վերաբերյալ: Դրա համար՝ այնպես չէ, որ իրենք կարող են գազն անջատել ու մենք այստեղ սառենք:
-Եթե, այնուամեանայնիվ, ադրբեջանական կողմը գնի գազատարը, հայ-վրացական հարաբերություններում ի՞նչ փոփոխություններ կլինեն:
-Ամեն դեպքում, յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում իր շահը: Այսօր նույն Վրաստանի իշխանությունները խնդիր ունեն «Գազպրոմ»-ի հետ, եթե ենթադրենք, որ Գազպրոմը կարող է գնել: Այնտեղ հասարակության կողմից քննադատություններ կլինեն: Տրամադրությունները բավական բացասական են: Եթե «Գազպրոմ»-ը գնի, դա ավելի շատ կքննադատվի՝ հաշվի առնելով հակառուսական տրամադրությունները: Այնպես չէ, որ իրենք փորձում են հարաբերություններ լավացնել Ռուսաստանի հետ: Ամեն դեպքում՝ իհարկե, մեզ համար ավելի նպատակահարմար կլինի, որ «Գազպրոմ»-ը գնի գազատարը: Իսկ ինչ վերաբերվում է հայ-վրացական հարաբերությունների փոփոխմանը, ապա՝ մենք չենք կարողանա բողոքի նոտա հղել: Ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք կոնկրետ Վրաստանի պարագայում ներգրավվել այդ գործընթացում և իրենց ասենք՝ գիտե՞ք ինչ կա, մեզ վատություն եք անում: Կարող է լինեն ներքին խոսակցություններ, քննարկումներ լինեն, բայց պաշտոնապես՝ մենք չենք կարողանա որևէ բան ասել: Նույն այդ տրամաբանությամբ՝ մենք պետք է արգելեինք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցել: Այստեղ, բնական է, հաշվի է առնվելու Վրաստանի շահը: Վրաստանն է աճուրդի հանում: Եթե իրենք գտել են, որ դա իրենց համար այնքան կարևոր գազամուղ չէ, որ կարող են աճուրդի հանել և գումարի հետ փոխել, նշանակում է՝ իրենց համար ֆինանսական-տնտեսական հարցն ավելի կարևոր է: Բայց ինձ համար անհասկանալի է դա, քանի որ, եթե չեմ սխալվում, ամերիկյան կողմը 35 մլն դոլար ներդրում էր արել, որպեսզի այդ գազամուղը բարեկարգեն: Եթե Վրաստանը հանեց աճուրդի, ինչ ընկերություն ուզում է լինի, իրավունք ունի գնելու:
-Այսինքն՝ պետք է նախ հասկանալ, թե ինչու է Վրաստանն այդ բաժնեմասը հանում աճուրդի:
-Իրենք ավելի շատ դիտարկում են տնտեսական կողմը: Բացատրում են, որ ավելի նպատակահարմար է, որ մասնավոր կողմը դրա կառավարումը ստանձնի: Բայց մյուս կողմից էլ, եթե ամբողջական կառավարումը չի ստանձնում, այլ՝ 10, 15 կամ 25 տոկոսի, ապա՝ աճուրդի հանելու հանգամանքն այնքան էլ իմաստ չի ունենում: Իհարկե, սրա մեջ կա իմաստ, բայց ամեն դեպքում՝ դրանով չեն կարող լուրջ ֆինանսական հարց լուծել: Միգուցե դա պայմանավորված է էներգետիկ ոլորտի ազատականացման գործընթացի հետ, որի ճանապարհով Վրաստանը բավական երկար ժամանակ է՝ գնում է և հասնում է հաջողության: Ավելի լավ է՝ մենք մտածենք ավելի լավ պայմաններ առաջարկելու ուղղությամբ:
Քրիստինա Աղալարյան