Օրեր առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակեց, որ «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ մշակույթի վարժարան ՊՈԱԿ»-ին դատի են տվել՝ չվճարված աշխատավարձերի և աշխատավարձերի վճարման կետանցի տուգանքների բռնագանձման պահանջով: 

 

Ճիշտ է, ՀՀԿ-ական ռեկտորը վրդովված հերքեց այդ տեղեկությունը, սակայն փաստերն այլ բան են ասում: ԼՈՒՐԵՐ.com-ին գործով փաստաբան Լևոն Սահակյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց:

 

Եվ այսպես՝ սույն թվականի օգոստոս ամսին «AM» իրավաբանական ընկերության Գյումրիի մասնաճյուղ են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության 30 ուսուցիչ և հայտնել, որ իրենց չի վճարվել 2013-2014թթ. ուսումնական տարվա դեկտեմբեր ամսվա աշխատավարձի գումարները:

 

Ոսուցիչները դիմել են «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության նորանշանակ ռեկտոր Սահակ Մինասյանին՝ իրենց չվճարված աշխատավարձերը փոխհատուցելու պահանջով, սակայն ռեկտորից ստացել են պատասխան, որ աշխատավարձի համար սահմանված գումարը ժամանակին փոխանցվել է դպրոցին և ինստիտուտը ոչ մի պարտավորություն այժմ չի կրում: Իսկ թե ուր է գնացել փոխանցված գումարը, հայտնի չէ:


«Հոկտեմբերի 10-ին մեր կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության դեմ, չվճարված աշխատավարձի գումարների և աշխատավարձի վճարման կետանցված տոկոսների բռնագանձման պահանջի մասին: Գործում, որպես պատասխանող, ներգարվվել է Ինստիտուտը, քանի որ Կառավարության 03.12.2015թ. N1418-Ն որոշման համաձայն՝ «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է՝ միացվելով «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը»,- մանրամասնեց փաստաբանը: 

 

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Հովհաննես Խաչիկի Ղազարյանին: Սահակյանի խոսքով՝ վարույթի հետագա ընթացքի մասին դեռևս տեղեկատվություն չունեն:

 

Հայցվորների ներկայացուցչից հետաքրքրվեցինք, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը: Սահակյանն այդ առնչությամբ նշեց. «Աշխատավարձի գումարների չափը ճշգրտելու նպատակով հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն՝ պատասխանողից աշխատավարձերի գումարների չափը հավաստող տեղեկատվություն պահանջելու վերաբերյալ, քանի որ ուսուցիչներն օրենքով սահմանված կարգով իրենց մոտ չեն ունեցել աշխատանքային պայմանագրի իրենց օրինակները: Մեր դիմումի արդյունքում ինստիտուտը տրամադրել է որոշ աշխատակիցների աշխատանքային պայմանագրեր, սակայն՝ առանց աշխատավարձերի նշման, ուստի՝ աշխատավարձերի չափի մասին հստակ տեղեկատվություն կարող ենք ներկայացնել ավելի ուշ»: Ստացվում է՝ բացի աշխատավարձերի չվճարումից, ուսումնական հաստատաությունն օրենքով սահմանված կարգով աշխատակիցներին չի տրամադրել նաև պայմանագրի իրենց օրինակը, որը ևս օրենքի խախտում է: 

 

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ դատավոր Հովհաննես Ղազարյանը որոշում է կայացրել հետ վերադարձնել հայցադիմումը, քանի որ հայցվորների անունից Դատարանին ներկայացվել է ոչ հստակ պահանջ: 


Դատարանը հետևյալ պատճառաբանությամբ է հետ վերադարձրել հայցը.

 

«Ծանոթանալով հայցադիմումին և դրան կից ներկայացված փաստաթղթերին, գտնում եմ, որ այն պետք է վերադարձնել՝ հետևյալ պատճառաբանությամբ.

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվեն հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի' նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 87-րդ հոդվածի 2-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պետք է նշվի բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը»: 


Այսինքն՝ քանի որ ուսումնական հաստատությունը, ինչպես վերը նշեցինք, չի տրամադրել աշխատակիցների աշխատավարձերի չափի վերաբերյալ բավարար տեղեկություն, ապա հայցվոր կողմը հնարավորություն չի ունեցել հայցում նշել կոնկրետ գումար, հետևաբար՝ դատարանին ներկայացվել է ոչ հստակ պահանջ: 

 

Ի դեպ՝ ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը ևս հրաժարվել է պատասխանատվություն ստանձնել գոյացած պարտքի մասով, վստահեցնելով՝ իր պաշտոնավարման ժամանակահատվածում մոտ 20 մլն դրամի պարտք է մարվել, այդ թվում՝ աշխատավարձերի: Գրիգորյանի խոսքով՝ չվճարված է մնացել մեկ ամսվա աշխատավարձ՝ 1-2 մլն դրամի չափով:

 

Քրիստինա Աղալարյան