Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Եվրամիության հասցեին' հայտարարելով, որ իրենք չեն պատրաստվում «վազել Եվրոպայի հետևից»: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը խոսել է գյուղապետերի 30-րդ համագումարի ժամանակ:

 

«Եթե Եվրամիությունը դադարեցնի երկակի ստանդարտները, պատրաստ ենք հենց վաղը դառնալ ԵՄ անդամ: Սակայն արդեն վերջացել է միակողմանի քայլեր անելու շրջանը: Ինչ տաք մեզ, այն էլ կստանաք, քանի որ մենք այլևս համբերություն չունենք վազելու Եվրոպայի հետևից»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:

 

Էրդողանը փորձել է շտկել նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե Սիրիայում իրենց գործողությունների նպատակը նախագահ Բաշար Ասադի իշխանությունը տապալելն է: «Եփրատի վահան» գործողության նպատակը որևէ երկիր կամ անհատ չէ, ահաբեկչական խմբավորումներն են: Բազմիցս մեր կողմից բարձրաձայնած այս իրողությանը թող ոչ ոք չկասկածի: Թող մեր հայտարարությունները ոչ ոք ուրիշ տեղ չտանի»,- նշել է նա: