Շուրջ մեկ ամիս է, ինչ կալանավորված է քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը՝ «Քյավառցի Ալիկը»։
Թեև մամուլում լուրեր պտտվեցին այն մասին, որ Ալիկը կալանավորվել է Չարբախի «Լիա» գեղցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով՝ որպես սպանության դրդիչ, սակայն ԼՈւՐԵՐ.com-ի ունեցած տեղեկություններով՝ մինչ օրս որևէ կերպ չի ապացուցվել Բանդուրյանի կապը՝ սպանության հետ։ Թեև սպանվածներից մեկը՝ Մուշեղը, ժամանակին կապ է ունեցել Բանդուրյանի հետ, սակայն այդ կապը վաղուց խզված է։
Ալիկը հանդիսանում է հետխորհրդային քրեական օրենքներն ամբողջությամբ պահպանող կերպարներից և չի ընդունում թմրանյութեր օգտագործողներին։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հենց դա է հանդիսացել Մուշեղի հետ կապերի խզման պատճառը։
Դեպքից օրեր առաջ Ալիկից կարծիք են հարցրել Մուշեղի մասին, ինչին ի պատասխան՝ Ալիկը բացասական է արտահայտվել։ Սա է հանդիսանում միակ կապը քրեական գործի և Բանդուրյանի միջև։
Իրավապահները մոտ օրերս նախատեսում են ազատ արձակել Ալիկին, սակայն դա կփորձեն անել շատ անաղմուկ, որպեսզի խուսափեն պատասխանել, թե որքան է շարունակվելու առանց մեղքի հիմնավորման կալանավորումների շարքը։ Պարզ է, որ նախընտրական շրջան է, և իշխանությունները պետք է հրապարակային կերպով քրեական հեղինակությունների հանդեպ հետապնդում սկսեն՝ նախընտրական դիվիդենտներ շահելու և քրեական աշխարհի դեմ պայքարի շղարշ ստեղծելու համար։