Այսօր «Հայազն» և ՍԴՀ կուսակցությունները հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ և հայտարարեցին միասնական օրակարգ ձևավորելու մասին:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրուցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը նշեց, որ այսուհետ վերը նշված երկու կուսակցությունները հանդես են գալու մեկ ընդհանուր ֆորմատով, որի կազմավորման շուրջ խմորումներն ու զարգացումները եղել են նախքան ապրիլի երկուսը. «Մենք որոշեցինք սպասել, որ ընտրական գործընթացներն ավարտվեն, որից հետո այսօր հայտարարեցինք համատեղ քաղաքական խորհրդի ձևավորման մասին: Նշեմ, որ ավելի վաղ չհայտարարեցինք մեր այս նախաձեռնության մասին, որպեսզի դրանք որևէ կերպ չկապվեն ընտրական պրոցեսների հետ: Պետք է հավելեմ նաև, որ պատահական չէ մեր աշխատանքի մեկնարկի համար ընտրված օրը՝ մայիսի մեկը, քանի որ մեր նպատակն է դառնալ աշխատավոր քաղաքացու իրավունքների պաշտպանն ու իրականացնել տարատեսակ քաղաքական ծրագրեր»,-նշեց մեր զրուցակիցը:
Արմեն Մկրտչյանի համոզմամբ՝ այս համագործակցությունը բացառիկ է նրանով, որ խորհրդարանում հայտնվելու միտում չի հետապնդում և իրենց նպատակն է համագործակցություն ծավալել ոչ թե խորհրդարանում հայտնվելու, այլ գաղափարակից գործընկերների հետ՝ հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանելու և ընդդիմադիր հատվածում առկա քաղաքական հայացքներն ամբողջացնլու համար:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ համագործակցեն խորհրադարանական ընտրությունների ժամանակ 5 տոկոսի շեմը չհաղթահարած կուսակցությունների և դաշինքների հետ, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է և սպասեցնել չենք տալու. շատ շուտով հասարակությունն ականատես կլինի ակտիվ քայլերի»:
Որո՞նք են լինելու այդ ակտիվ քայլերը ճշտող հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Բոլոր քաղաքական հարթակները՝ սկսած փողոցային պայքարից մինչև հանրահավաքներ, քննարկումներ, մարզային հավաքներ և այլն, օգտագործելու ենք»:
Վերջինս հավելեց, որ այս համագործակցության շրջանակներում ակտիվորեն համագործակցում են նաև սփյուռքի գաղթօջախների հետ և ընթացող բոլոր գործընթացներին սփյուռքն ակտիվորեն ներգրավված է լինելու:
Մեր դիտարկմանն՝ արդյոք ընդդիմադիր հատվածը համախմբելու և անտեր չթողնելու միտո՞ւմը դարձավ նման համագործակցության պատճառ, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Այո՛, կարելի է և այդպես ասել»:
Աղավնի Սուքիասյան