ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է կուսակցություն ստեղծել։ Օսկանյանը Մարտի 1-ը համարում է «սև էջ», իսկ տվյալ օրվա իշխանությանը՝ պատասխանատու կատարվածի համար: Ըստ նրա՝ իր ստեղծելիք կուսակցության օրակարգում կլինի Մարտի 1-ի բացահայտումը, չնայած նրան, որ 2008 թվականին ինքը եղել է այդ նույն իշխանության մասը։

 

 

«Իմ հայտարարությունը կրակոցներից 3-4 ժամ շուտ է եղել։ Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ համարձակություն եմ ունեցել կանգնել տեսախցիկի առաջ և կոչ անել և՛ Հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Օսկանյանը։

 

 

Թե Օսկանյանի կուսակցությունն ինչքանով կկարողանա նպաստել Մարտի 1-ի բացահայտմանը, կամ նորաստեղծ կուսակցությունն ինչ կփոխի Հայաստանի քաղաքական կյանքում, ցույց կտա ժամանակը: Թեմայի հետ կապված՝ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց երիտասարդ քաղաքական գործիչ, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ։

 

 

- Արմե՛ն, ինչպե՞ս եք վերաբերվում նախկին արտգործնախարարի՝ կուսակցություն ստեղծելու այս հայտարարությանը։



- Անկեղծ ասած՝ որպես քաղաքականությամբ զբաղվող երիտասարդ գործիչ՝ երրորդ հանրապետության քաղաքական կարևոր իրադարձությունները, դեմքերը մշտապես ուսումնասիրում եմ: Օսկանյանն իմ ուղեղում տպվել է «Ա1+»-ի արխիվային մի հաղորդումով, երբ Արամ Աբրահամյանին ու հեռուստադիտողներին համոզում էր, թե ինչ հանճարեղ պլան է ազատագրված շրջանների հանձնումը: Հիշում եմ, որ հաղորդմանը զանգահարեց, եթե չեմ սխալվում, Կովսականի քաղաքապետը ու ուղիղ հարցրեց, թե արդյոք Օսկանյանի ասածը նշանակո՞ւմ է, որ ինքն ու իր ընտանիքը պիտի լքեն իրենց տները։ Օսկանյանը պատասխանեց՝ ցավոք, այո: Հետո եղավ Մարտի 1-ը: Հետո Օսկանյանի հայտնի ելույթը: Մի խոսքով՝ նման գաղափարական անցյալով անձի կուսակցության մուտքը քաղաքական դաշտ, մեղմ ասած, չեմ կարող ողջունել:

 

 

- Օսկանյանը հայտարարում է, թե իր կուսակցության օրակարգում է լինելու Մարտի 1-ի բացահայտումը։ Սակայն չպետք է մոռանալ, որ այդ ժամանակ ինքը եղել է այդ նույն իշխանության մի մասը։ Ավելին՝ ողբերգական իրադարձությունից մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ նրա հայտնի ելույթը։



- Դե դա բացարձակ ցինիզմ է արդեն: Երբ Օսկանյանն ու իր նախկին շեֆն ասուլիս տվեցին՝ իրար հաջորդելով, տեղեկացրին խանութներ թալանելու մասին, այնինչ խանութները թալանողները պլանից կես ժամ ուշ սկսեցին իրենց գործը: Հին վարկաբեկվածներին թվում է, թե մեր ժողովրդի հիշողությունը կարճ է: Վերջերս էդ տեսակի ներկայացուցիչներից մեկն էլ կուսակցություն վերստեղծեց:

 

 

- Ո՞ւմ մասին է խոսքը։


- Նախկին ԱԽՔ-ը: Վախենամ՝ Մարտի 1-ի «կիլլերներն» էլ շուտով քաղաքական հայտ ներկայացնեն:

 

- Ըստ Ձեզ՝ ո՞րն է Վարդան Օսկանյանի նպատակը։


-Երևի վերջնականապես Քոչարյանին քաղաքական պրոցեսներում ներառելը:

 

- Հնարավոր համարո՞ւմ եք դա։


- Անհնար ոչինչ չկա, մանավանդ՝ քաղաքականության մեջ:

 

- Քոչարյանը մեկ անգամ Օսկանյանին նետեց ասպարեզ, բայց անհաջողության մատնվեց։ Այս պահին Օսկանյանի հեղինակությունն ավելի վարկաբեկված է, քան այն ժամանակ։ Ինչպե՞ս եք պատկերացնում նրա գործունեությունն ընդդիմադիր դիրքերից։



- Ես վստահում եմ հայ ժողովրդի իմաստնությանը:

 

Քրիստինա Աղալարյան


Մարտի 1-ի ժամանակ Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսի տեսագրությունը՝ ստորև։