Մտավորականների երթը դեպի դեսպանատներ կազմակերպվել է ինքնաբուխ, շաբաթ օրվա հավաքի ժամանակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը ևս մասնակցում է մտավորականների միաբանության երթին:
«Այս երթը մենք չենք կազմակերպել, մենք կազմակերպել էինք շաբաթ օրվա հավաքը, և այն, որ այսօր ամբողջ աշխարհում հայերը նամակներ ուղարկեն իրենց կառավարություններին ու պատկան մարմիններին, հավաքվածները իրենք ուզեցին երթ անել», - նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այժմ երթի մասնակիցները իրենց ձեռքերում չեն պարզել անհետ կորած և գերեվարված զինծառայողների լուսանկարները, քանի որ որոշ լրատվականներ փորձել են սկանդալ սարքել դրանից․ «Այդ լուսանկարներից մեկում եղել է մահացած զինվորի լուսանկար, որը հողին է հանձնվել, բարեկամներին էլ սադրեցին: Չհասկացա՝ ինչումն է սկանդալը: Շատ ծիծաղելի է, որ լրատվամիջոցներ կան, որոնք չեն հանգստանում մինչև հիմա: Սա քաղաքացիական ակցիա է, ոչ թե քաղաքական։ Սա մեր ձայնն է, որ միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց երեխաներին հետ բերել», - նշեց Արմեն Գրիգորյանը:
Դիտարկմանը՝ վաղը Բերձորի վերադարձման օրն է, և գուցե հնարավոր է երկարաձգել ժամկետը մինչև գերիների վերադարձը, Գրիգորյանն ասաց՝ հարցի հասցեատերը ինքը չէ, քանի որ ինքը չի ստորագրել փաստաթուղթը․ «Ես կառավարությանը դիմելու ոչինչ չունեմ: Կառավարություն գոյություն չունի, որ դիմենք, եկեք այս ստոլբային դիմենք, ավելի էֆեկտիվ կլինի», - նշեց Արմեն Գրիգորյանը՝ խնդրելով, որ իրեն կառավարությունից, իշխանությունից հարց չտան, քանի որ նման բան գոյություն չունի: