2017թ. խորհրդարանական ընտրություններին մնացել է 395 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախաձեռնել է «6000 վստահված անձ» նախագիծը, որի նպատակն է կանխել ընտրակեղծիքները:
Կուսակցությունը մտադիր է երեքական ներկայացուցիչ ունենալ հայաստանյան բոլոր՝ շուրջ 2000 տեղամասում: «Քաղաքացիական պայմանագիրն» իրատեսական է համարում կանխել կեղծիքները՝ 6000 վստահված անձանց միջոցով ու ընտրություններով հասնել իշխանափոխության։
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ՝ ճշտելու, թե ըստ քաղաքագետի, 2017-ին ընդառաջ, ի՞նչ կարող է ներքաղաքական դաշտում փոխել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և թե որքանո՞վ է իրատեսական նրանց՝ «6000 վստահված անձ» նախաձեռնությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որպես այդպիսին, փաստացի դեռևս գոյություն չունի: Դա Արդարադատության նախարարությունում գրանցված կուսակցություն է, որը դեռևս քաղաքական դաշտում ոչնչով աչքի չի ընկել»,- ասաց Բադալյանը:
Անդրադառնալով 6000 վստահված անձանց միջոցով ու ընտրություններով իշխանափոխության հասնելու նրանց նախաձեռնությանը՝ Բադալյանը նշեց, որ խնդիրը վստահված անձերի մեջ չէ.
«Տեղամասերում անհրաժեշտ է ոչ թե 6000, այլ կրկնակի վստահված անձ, որովհետև նրանց մեծ մասն այս կամ այն շարժառիթներով կանցնի իշխանության կողմը:
Այսինքն՝ դու պետք է ունենաս ոչ թե 6000, այլ առնվազն 10-12 հազար վստահված անձ, որ կարողանաս տեղամասերը քո հսկողության տակ պահել:
Բայց սա չէ խնդիրը, խնդիրն այն է, թե ինչ ուժ է ներկայանում ընտրություններին, ի՞նչ դաշնակիցներ ունի Հայասատանից դուրս, ի՞նչ աշխատանքներ ունի կատարած, ինչպիսի՞ «կոմպանիա» է ներկայացնում:
Եթե ամեն բան թողնվի զուտ քվեարկության վրա, ապա իշխանությունները կնկարեն ընտրությունների արդյունքներն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, խնդիրը մինչ ընտրություններն ազդեցիկ լինելն է»:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վերջերս դրամահավաք էին կազմակերպել, և մեկ երեկոյի ընթացքում հավաքվել է 4 միլիոն 800 հազար դրամ, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ կուսակցության հետ «հույսեր են կապում», քաղաքագետն ասաց. «Դրամահավաքի գումարը այդքան էլ մեծ գումար չէ: Քաղաքական գործընթացների համար շատ ավելի մեծ գումարներ են պետք՝ հարյուրապատիկ ավելի շատ»:
Գայանե Համբարձումյան