Շուրջ 10 օր է, ինչ Բաղրամյան պողոտայում նստացույց է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման:
Նստացույցի և պայքարի առաջին իսկ օրվանից Բաղրամյան պողոտայում հայտարարում էին, որ պայքարը քաղաքական չէ, այլ քաղաքացիական` խնդիրը սոցիալական:
Վերջին օրերի զարգացումներից հետո, հարցն ավելի խորքային դարձավ, հնչեցին կարծիքներ, որ քաղաքացիական պայքարը փորձ է արվում դարձնել քաղաքական:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, ճշտելու պայքարը քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքացիական, ինչպես պնդում են շատերը:
«Քաղաքացիական շարժում որպես այդպիսին գոյություն չունի: Դրանք բոլորը քաղաքական շարժումներ են. և՛ Թեղուտի համար պայքարն էր քաղաքական, և՛ կուտակային կենսաթոշակի դեմ շարժումը, և՛ «100 դրամի» համար պայքարն էր քաղաքական:
Դրանք բոլորն իրենցից ներկայացնում են քաղաքական միջոցառումներ: Ուղղակի այսպես ասած ոչ այդքան գրագետ մարդիկ չեն հասկանում դրանց տարբերությունը: Խնդիրն ընդամենը դրա մեջ է: Ի սկզբանե եթե որևէ մեկն ասում է որ քաղաքական չէ, այլ քաղաքացիական է, ուրեմն կամ անգրագետ է, կամ ուղարկված է իշխանության կողմից, որովհետև իշխանություններին ձեռք չի տալիս քաղաքական և քաղաքացիական ակտիվիստենրի միաձուլված պայքարը»,- ասաց Բադալյանը և հորդորեց երկու դեպքում էլ գործունեություն չունենալ նրանց հետ, քանի որ «առաջին դեպքում անգրագետ են, երկրորդ դեպքում էլ անհասկանալի է իշխանության ներկայացուցիրըը ինչ է իրենից ներկայացնում»: