Մինչև դեկտեմբերի վերջ կառավարությունը մշակել է մեթոդաբանություն, ըստ որի՝ յուրաքանչյուր համայնք պետք է ներկայցնի իր զարգացման ծրագիրը: Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով աղետի գոտու խնդրին:

 

«Գյումրիում ծրագիրը քննարկելու ենք, հաստատ, մի քիչ ավելի ուշադիր»,-արձագանքելով պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի հարցին՝ հայտարարեց նա:

 

Վարչապետն ընդգծեց նաև, Գյումրին ունի «ֆանտաստիկ շանս»՝ դառնալու Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը և հիշեցրեց, որ այսօր եղել են Գյումրիում և հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը. «Մենք այցելություններ ենք կատարում մարզեր, որպեսզի քննարկենք մարզերի զարգացման ծրագիրը և Գյումրիի այցի օրը պատահական չէ ընտրված: Մենք այսօր Գյումրի ենք այցելել, որպեսզի հարգանքի տուրք մատուցենք զոհերի հիշատակին: Այս օրը մենք հատուկ այդ միջոցառումը կազմակերպեցինք, Տեղեկատվական Կենտրոնով անցանք, որպեսզի ինչ-որ ձևի ազդակ ուղարկենք, որ կյանքը շարունակվում է, որ այս պանիխիդա վիճակից մի քիչ կարողանանք թափ տալ մեզ՝ մի քիչ ավելի օպտիմիստ վաղվա օրվան նայելով»,- եզրափակեց նա: