ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

 

Նախնական տվյալներով' 2016 թվականի դեկտեմբերի 7-ին' ժամը 18:00 - 18:30-ն ընկած ժամանակահատվածում, գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում է կատարվել Հրազդան քաղաքի բնակիչ Ս.Մուրադյանի նկատմամբ' վերջինիս պատկանող ավտոտնակի մոտ: Առերեւույթ հանցագործություն կատարած անձինք բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, այն է' էբոնիտե մահակով հարվածել են նրա գլխին, ձեռքերով ու ոտքերով' մարմնի տարբեր հատվածներին եւ, հափշտակելով Ս. Մուրադյանի մոտ գտնվող առանձնապես խոշոր չափերի գումարը, դիմել փախուստի:

 

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, Ս. Մուրադյանը ճանաչվել է տուժող:

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ' առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: