ԱԺ-ում մենկարկեցին քառօրյա նիստերի աշխատանքները:
Քվեարկության դրվեց 2017 թվականի բյուջեի նախագիծը: Նկատենք, որ պատգամավորները մի մարդու նման ներկայացել են քվեարկության:
Մինչ քվերակությունը, պատգամավորներից Ռուբեն Հակոբյանն ու Վահե Էնֆիաջյանը քննադատեցին լրագրողների աշխատանքները: Մասնավորապես, Ռուբեն Հակոբյանը լրագրողներին որակեց բանսարկու և պատվեր կատարող: Նա անդրադարձավ երեկվա միջադեպին և հավելեց, որ երեկ իր արարքը կայքերում ու սոցիալական ցանցերում շատ է քննադատվել, ուստի որոշեց անդրադառնալ թեմային.
«Ցավ եմ զգում, որ որոշ կայքեր ու սոցիալական ցանցեր ոչ հարիր գնահատական են տվել իմ արարքին, բայց ես ևս մեկ անգամ ասում եմ, որ գործ եմ ունեցել ոչ թե լրագրողի, այլ խուլիգանի հետ»,- ասաց պատգամավորը՝ նշելով թե լրագրողները ճիշտ են անում, որ քննադատում են բռնությունը, բայց այսօր կան լրագրողներ, ովքեր կատարում են պատվեր. «Մի քիչ ուսումնասիրեք, թե նրանք իրավունք ունե՞ն լրագրությամբ զբաղվել»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց պատգամավորներին և հորդորեց խոսել քննարկվող հարցից. «Ոչ ոք չխոսեց օրենքից, մինչդեռ քվերակության է դրվումշատ կարևոր հարց»,- արձագանքեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայլել Մելքումյանն իր խոսքում նկատեց, որ բյուջեի նախագծում չկա որևէ փոփոխություն, որը թույլ կտա ենթադրելու, որ մեկ քայլ առաջ ենք գնում. «Ոչ մի քայլ, ոչ մի սանտիմետր առաջ չենք գնում, հակառակը՝ շարունակվում է այսօրվա կրճատման քաղաքականությունը, իսկ դա նշանակում է, որ բյուջեն պակասորդ ունի և մենք մեր քաղաքացիներին ստիպում ենք նորից վարկ վեցնել: Դա նշանակում է, որ բոլոր եկամուտները նվազում են և ԲՀԿ խմբակցության պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու նախագծին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա «ծրագրերի հետաձգման» բյուջե է, որի թունելի վերջում լույսը չի երևում:
Տիգրան Ուրիխանյանը ևս հայտարարեց, որ այս բյուջեին դեմ կքվեարկի, և իր խոսքում նշեց, որ այս բյուջեն ևս չի համապատասխանում քաղաքացիների բարեկեցության ծրագրին, ուստի կոչ է անում «դրայվով» դեմ քվեարկել նախագծին:
«Երբ վարչապետը չի գալիս ԱԺ, անընդհատ նույն հարցը կրկնում եք, բայց անընդհատ մոռանում եք, որ քսանհինգ տարի այստեղ նստած՝ շարունակ նույն կրկնվող սխալներն ենք լսում»,- արձագանքեց ԱԺ նախագահը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ հենց այդ կրկնվող սխալներն էլ ընտրություններին ընդառաջ պետք է ուղղել. «Այդ սխալները համառորեն փոխել է պետք, պետք է դրանց դեմ պայքարենք. Սա՝ իմիջիայլոց…Իսկ բյուջեի հետ կապված՝ մենք դեմ ենք եղել ու դեմ կքվեարկենք, որովհետև ոչ մի միլիմետր առաջ չենք գնացել, ոչինչ չի փոխվել. նույն դեֆիցիտով, նույն լրջագույն խնդիրներով, առանց որևէ առաջխաղացման… սա նշանակում է, որ մեր հայրենակիցները որևէ սպասելիք չպետք է ունենան»,- ասաց նա:
Գալուստ Սահակյանի արձագանքն այս անգամ էլ չուշացավ.
«Ընտրությունների ընթացքում անհրաժեշտ է շահել, ոչ թե ընդառաջել: Հարկավոր է մտածել ընտրությունների մասին»…
Նախագիծն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայների մեծամասնությամբ: