ԼՈՒՐԵՐ.com-ն արդեն տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ՀՀ Գլխավոր դատախազության կողմից հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝նյութեր նախապատրաստելու: Ոստիկանությունում ընթանում է հետաքննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լրագրող Վահե Մակարյանը մտավախություն ունի, որ իրեն դատաբժկի մոտ են ուղարկելու այն ժամանակ, երբ հարվածի հետևանքներն արդեն անցած կլինեն: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում լրագրողը նշեց, որ այսօր առավոտից Ոստիկանությունն իրեն ուղարկում է Գլխավոր դատախազություն, Դատախազությունը՝ Ոստիկանութուն: «Ոստիկանության Արաբկիրի բաժնից ասում են՝ գնա Դատախազություն, իսկ Դատախազությունն ասում է՝ եղել է բանավոր հանձնարարություն դատախազի կողմից՝ նյութեր նախապատրաստելու»,- նշեց Վահեն:
Այս գործով զբաղվում է Արաբկիրի դատախազի տեղակալ Մնացական Շահգալդյանը: Կապ հաստատեցինք վերջինիս հետ՝ հասկանալու, թե ինչ փուլում է գործը: Դատախազի տեղակալը երկար ձգձգելուց հետո, վերջապես փոխանցեց, որ լրագրողին ժամը 17:00-ին հրավիրել են ոստիկանության բաժին՝ բացատրություն և հաղորդում տալու, որից հետո դատաբժշկի ուղեգիր կտրամադրվի: Մեր հարցին՝ եթե լրագրողը հաղորդում չտա, Դատախազությունն իրավասություն ունի՞ մամուլի հրապարակումների հիման վրա քրեական գործ հարուցել կամ ընթացք տալ գործին, դատախազի տեղակալ պարոն Շահգալդյանը նեղսրտեց. «Ես իրավաբանական կոնսուլտացիա չեմ անում»: Մեր պարզաբանմանը, որ դա զուտ լրագրողական հարց է և ոչ թե իրավաբանական կոնսուլտացիա, Շահգալդյանը կրկին հրաժարվեց պատասխանել. «Ձեր խմբագրությունում իրավաբան չկա՞: Գործին արդեն ընթացք տրվել է»:
Ոստիկանության լրատվական վարչությունից փորձեցինք պարզել՝ երբ է տեղի ունենալու դատաբժշկական փորձաքննությունը, այսինքն՝ երբ են լրագրողին ուղարկելու դատաբժշկի մոտ: Լրատվականի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դատաբժշկական փորձաքննության որոշումն արդեն կայացված է և մնում է՝ լրագրողը գնա ու վերցնի այն:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողի և պատգամավորի միջև որոշակի հարցի հետ կապված անհամաձայնություն էր եղել, կամ պատգամավորին դուր չէր եկել լրագրողի սուր հարցը, որից հետո օրենսդիր մարմնի անդամը հարվածել ու հայհոյել էր Հրապարակ օրաթերթի լրագրող Վահե Մակարյանին:
Քրիստինա Աղալարյան