Ինչպես հայտնի է՝ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ պետական կառավարման համակարգում կատարած առաջին նորամուծություններից մեկն էլ գոյություն ունեցող նախարարությունների անվանափոխությունն էր. այնպիսի տպավորություն էր, ասես Հայաստանի բոլոր դժբախտությունների բուն պատճառն ու արմատը նախարարությունների անունների մեջ էր թաքնված...


Երբ էկոնոմիկայի նախարարությունն անվանափոխվում էր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, վարչապետ Կարապետյանը փորձում էր սեփական նախաձեռնությունը հիմնավորել նրանով, թե իբր սույն նախարարության անվանափոխությամբ նոր կառավարությունը փորձելու է է՛լ ավելի լսելի դարձնել սեփական «մեսիջն» ու շեշտադրել նախարարության գոյության ու գործունեության հիմնական նպատակը. գերխնդիր էր հայտարարվում երկիր ներդրումներ բերելն ու տնտեսությունը անկումային վիճակից հանելը, որն էլ իրականցնելու էր նորանշանակ նախարար Սուրեն Կարայանն, ով նախքան նախարար նշանակվելը հասցրել էր բավական լուրջ աշխատանքային փորձ կուտակել պետական կառավարման համակարգում՝ ի տարբերություն իր մի շարք այլ թիմակիցների:


Սուրեն Կարայանի հիմնական գործունեության դաշտը եղել է ֆինանսների ոլորտը. նախ՝ 1997-98թթ.-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում որպես հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ, հետո՝ հարկային քաղաքականության վարչության բաժնի պետ, վարչության պետ և այսպես տարեցտարի բարձրանալով՝ հասել միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:


Նորություն չենք լինի բացահայտած, եթե ևս մեկ անգամ ամրագրենք այն դաժան իրողությունը, որ հատկապես վերջին շրջանում՝ Հայաստանում տնտեսական ցուցանիշները բացառապես անկումային դրսևորումներ են ստացել. չկա որևիցե ոլորտ, ուր գրանցվի նույնիսկ ձևական աճ, որը զգալի կլիներ ժողովրդին, ու որից բնակչությունը ևս գոնե փոքր ինչ օգուտներ կքաղեր: Իսկ ինչ վերաբերում է, ասենք, անձամբ Կարայանի կողմից գլխավորվող ոլորտին, ապա այստեղ ցուցանիշներն առհասարակ աղետալի են. մեզ մոտ բավական տևական ժամանակ է՝ տեղի է ունենում մի երևույթ, որից աշխարհի բոլոր տնտեսագետներն ուղղակի սարսափում են, ու որը տնտեսագիտական լեզվով «կապիտալի արտահոսք» է կոչվում. երկրում դրամական մասսան հետզհետե պակասում է:


Ասվածն ավելի արտահայտիչ դարձնելու համար մեջբերենք ընդամենը որոշ թվեր. ՀՀ կենտրոնական բանկն, ինչպես հայտնի է, արդեն հասցրել է հրապարակել այս տարվա հոկտեմբերին Հայաստան մտած մասնավոր տրանսֆերտների մասին պատմող համապատասխան տեղեկանքը, ինչից պարզ է դառնում՝ դրանք, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, կրկին նվազել են: 2015թ.-ի հոկտեմբերին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) կազմել էր մոտ 82 մլն դոլար, իսկ այս տարվա հոկտեմբերին այդ ցուցանիշը 60.4 մլն դոլար է. նվազումը մոտ 26% է կազմում: Տարվա առաջին 10 ամիսների կտրվածքով նույնպես՝ պատկերը պակաս տխուր չէ. այս տարի մասնավոր տրանսֆերտների տեսքով զուտ ներհոսքը կազմել է 556 մլն դոլար, իսկ անցած տարի 738 մլն դոլար էր. նվազումը' 24% է: Նվազման տեմպը հոկտեմբերին ավելի մեծ է եղել, քան' ընդհանուր 10 ամիսներին արձանագրված նվազման տեմպը: Ավելին' եթե անցած տարվա առաջին 10 ամիսներին մասնավոր տրանսֆերտների տեսքով Հայաստանից արտահոսել է 598 մլն դոլար, ապա այս տարի արտահոսքի ծավալը կազմում է արդեն 641 մլն դոլար: Անցած տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեպի Ռուսաստան՝ Հայաստանից արտահոսել է 245 մլն դոլար, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 280 մլն:


Այնպես որ՝ ինչպես կյանքն է ցույց տալիս ու գուժում, նախարարությունների անվանափոխությունից դրանց աշխատանքի արդյունավետությունն ամենևին էլ չի բարձրանում, ու մինչ վիճակագրությունն անխափան անկում է արձանագրում, Կարայանը դեռևս շարունակում է միայն, այսպես ասենք, ծանոթություններ հաստատել ոլորտային խնդիրների հետ. չնայած քիչ ժամանակ չի անցել նրա նշանակումից, սակայն դեռևս որևիցե տեսանելի արդյունք, այդպես էլ, ֆիքսել՝ հայրենի վիճակագիրներին չի հաջողվել:


Իհարկե, մենք երջանիկ կլինեինք, եթե, ասենք, Հայաստանի ներդրումային գրավչությունը պայմանավորված լիներ բացառապես Կարայանի անձով. վերջին տարիներին համապատասխանները հասցրել են այնպես տնտեսության «հերն անիծել», որ Կարայանին չէ, թեկուզ լեգենդար Լի Կուան Յուին էլ բերեին, նախարար կարգեին, կրկին մարդն անլուծելի խնդիրների էր բախվելու: Իսկ թե ինչպես կամ ում թեթև ձեռքով է տնտեսությունը հայտնվել այսչափ ծանր վիճակում, կարծում ենք, այնքան էլ դժվար չէ կռահել. այո՛, էլիտաների...


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ