ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը պարզաբանել է Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցաին ծառայությունների մատուցմանը և այլն:
Փաթեթով առաջարկվում է կիրառել նաև հարկային համաներում՝ մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին ազատելով այդ գումարների վճարումից: Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժե րից: Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 անհատ ձեռնարկատեր, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչև 800 միլիոն դրամ:
Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերին, նոտարներին և ինքնազբաղված անձանց ազատել տույժերից: Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ երկու և ավելի գույք օտարած և ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից և տուգանքներից, ինչպես նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից: Ըստ Վախթանգ Միրումյանի, ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի շուրջ 15 հազար, իսկ եկամտային ազդեցությունը կարող է հասնել մինչև 6 միլիարդ դրամի:
Բազմաթիվ ֆիզիկական անձինք, ովքեր մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում իրականացրել են, օրինակ' մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի անգամ նույն տեսակի գույքի' բնակարանի, առանձնատան (այդ թվում' անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենայի, հասարակական կամ գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի օտարումներ, սակայն անտեղյակ լինելու պատճառով չեն կատարել հարկային պարտավորությունները՝ կուտակելով տույժեր ու տուգանքներ, որոնց գումարը հաճախ ավելի մեծ է, քան մայր գումարը: ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի տեղեկացմամբ՝ քաղաքացիների կողմից ԱԱՀ-ի մասով հարկվող գործարքներով առաջացած հարկային պարտավորությունների գանձման հետ կապված կա շուրջ 250 դատական վարույթ: Մասնավորապես, ընդհանուր առմամբ մայր գումարի չափը կազմում է շուրջ 3.8 մլրդ դրամ, իսկ հաշվարկված տույժը՝ 680 մլն դրամ, տուգանքը՝ 1.290մլրդ դրամ: «4-5 ամսվա ընթացքում ԱԱՀ-ից բխող գործարքների մասով քաղաքացիների կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ՝ շուրջ 1 միլիարդ դրամի չափով: Օրենքի ընդունման պայմաններում այդ հաշվետվություններում արտացոլված շուրջ 550 միլիոն դրամի չափով տույժ-տուգանքները նույնպես կազատվեն վճարումից: Ընդ որում, շուրջ 200 միլիոն դրամի չափով արդեն իսկ կատարվել են մայր գումարի վճարումներ»,-ընդգծել է Արմեն Սաքապետոյանը: Միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է 40 քրեական գործ՝ շուրջ 1 միլիարդ 150 միլիոն դրամի չափով. մայր գումարը կազմում է շուրջ 500 միլիոն դրամ, տույժ-տուգանքները՝ շուրջ 650 միլիոն դրամ: Ըստ Արմեն Սաքապետոյանի, պարտավորություններ ունեցող անձինք հարկի մայր գումարները վճարելու դեպքում ազատվում են տույժերից, տուգանքներից և քրեական պատասխանատվությունից:
Հաջորդ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք և հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել: «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած և 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կ ազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ: Մեկ այլ նախագծով առաջարկվում է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը 2017թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2018թ. հունվարի 1-ը, ինչը հնարավորություն կտա ՓՄՁ ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին առավել սահուն անցնել նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատանքին: Առաջարկվում է նաև ակցիզային դրոշմանիշերն էլեկտրոնային եղանակով տրամադրելու ընթացակարգը կիրառել 2017թ. հունվարի 1-ից:
Վերջին երկու ամսում բավականին ակտիվացել է նաև ՊԵԿ-ի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնի աշխատանքը: 2016թ. 11 ամսում ստացվել է շուրջ 250 հազար հեռախոսազանգ, միայն նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ՝ շուրջ 3000-ով ավելի: Վախթանգ Միրումյանը վստահեցնում է, որ հետևողական են ցանկացած հեռախոսազանգի նկատմամբ՝ հետադարձ կապի մեխանիզմով արդյունքի մասին դիմումատուին տրամադրելով հանգամանալի տեղեկատվություն: