Այսպիսով, ինչպես և ակնկալվում էր, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կերպով վավերացրել է ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունը: Նշենք, որ օրենքի նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ քրեական պատասխանատվության՝ երեքից վեց տարվա ազատազրկման կենթարկվեն ապօրինի հարստացած՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձինք, որոնց գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումն էականորեն գերազանցում է նրանց օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով. որպես վտանգավոր շեմ հայտարարված է 5 մլն դրամը:
Այն, որ մեր երկրում պետական պաշտոնը որպես անձնական հարստություն դիզելու միջոց ու նպատակ է ծառայում դեռևս սկսած ոչ միայն 90-ականներից, այլև շատ ավելի վաղուց, նորություն չէ. հավանաբար՝ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն չինովնիկներին, ովքեր իրենց աշխատանքային ողջ կարիերայի ընթացքում կարողացել են հաղթահարել փողի գայթակղությունն ու չտրվել սրտի կանչին՝ անձնվիրաբար ու ազնվորեն ծառայելով պետությանը:
Հարցը, սակայն, որ առաջացնում է խորհրդարանում բավական հապճեպորեն ընդունված այս օրենքը, ոչ միայն կապված է դրա՝ հայաստանյան պայմաններում հնարավոր անարդյունավետության հետ, այլ՝ այն հարցի, թե ինչու հատկապես հիմա որոշվեց բեմադրել այս գեղեցիկ, բայց միանգամայն անիրական թվացող ներկայացումը:
Հասկանալու համար ոչ միայն սրա, այլև երկրում վերջին ամիսներին տեղի ունեցող բոլոր գործընթացների իմաստն ու հիմնական դրդապատճառը, հարկավոր է, անկասկած, ուշադրություն դարձնել այն միջավայրին, ժամանակային այն հատվածին, որոնց պայմաններում տեղի են ունենում որոշակի տեղաշարժեր. երկու կարծիք լինել չի կարող այն բանում, որ սույն օրենքի ընդունումը մեծապես պայմանավորված է ՀՀԿ «ռեբրենդինգով»: Իշխանությունները, որոնց ողջ «ուշքումիտքն» առաջիկա ընտրությունները «բարով-խերով» անցկացնելն է, չգիտեն՝ է՛լ ինչ անեն, որպեսզի կարապետյանական «բարեփոխումները» սկսեն իսկապես հույս ներշնչել հասարակությանը, թե ՀՀԿ-ին մեկ անգամ վստահության քվե տալով՝ ժողովուրդն ընկնելու է «մոր փորն», ու սկսվելու է Հայաստանից Սինգապուր կերտելու անկասելի գործընթացը՝ Կարապետյանի գլխավորությամբ՝ բնականաբար:
Որքան էլ կարող է ոմանց համար անակնկալ հնչել, բայց փաստ է, որ ապօրինի հարստացման դեմ համապատասխան օրինագիծ ընդունելու գաղափարն ամենևին էլ նոր չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախկինում եվրոպական բոլոր պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումների ժամանակ ևս ակտիվորեն քննարկում էր այս թեման և նույնիսկ Արդարադատության նախարարին հանձնարարականներ էր տվել՝ խնդրի հետ կապված: Եվ ուրեմն՝ բնական հարց՝ ակամայից. ինչո՞ւ են իշխանությունները որոշել հենց Կարապետյանի օրոք այս թեման դնել շրջանառության մեջ, ու մի՞թե սրանում ընդգծված հակաաբրահամյանական տարրեր չկան: Պատասխանն առավել քան ակնհայտ է՝ այն, ինչ թույլատրված չէր անել նախկինին, միանգամայն թույլատրելի ու խրախուսելի է համարվում ներկա վարչապետի համար. նա, ըստ էության, Բաղրամյան 26-ին ավելի հոգեհարազատ մեկն է:
Անքննարկելի է՝ իշխանություններն այս ամենով, ըստ էության, լուծում են երկու խնդիր՝ արտաքին ու ներքին. աշխարհին ցույց տալու բան կունենան ու եվրոպացիներին կփաստեն իրենց՝ երկրում արմատացած կոռուպցիան հաղթահարելու «վճռակամությունը», հասարակության ականջն էլ ձեռքի հետ կշոյեն՝ միամիտներին համոզելով, թե ամեն բան երկրում լավ է լինելու:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ