Ռուսաստանի հայերի Еркрамас թերթը ներկայացրել է «Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիների դիմումը Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությանը»՝ «Արա Աբրահամյանին կոչ են անում հրաժարական տալ կամ փոխել ՌՀՄ-ի անվանումը» վերնագրով: Այս մասին գրում է Tert.am-ը՝ վկայակոչելով ռուսաստանի հայերի թերթին։
Ռուսաստանի հայերը նշում են, որ միության ստեղծումից 13 տարի է անցել, բայց այդ ընթացքում միասնականության և հայրենիքի հետ կապերի սերտացման հույսերը չեն արդարացել, փոխարենը կազմակերպությունը «համերգա-բանկետային հիմնարկի» համբավ է ձեռք բերել, որը սպասարկում է միայն Ռուսաստանում իշխող կուսակցությանը:
Ավելին՝ ՌՀՄ-ն մեղադրվում է Հայաստանի ներքին գործերին միջամտելու և այնտեղ Ռուսաստանի գիծը անցկացնելու համար:
Հայտարարությանը հաջորդում են 7 կետից բաղկացած պահանջներ, այդ թվում՝ ոչ ադեկվատ վերաբերմունք ռուսական ԶԼՄ-ների հակահայ հրապարակումների և իրավապահների կողմից Ռուսաստանի հայերի նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքի դրսևորումների նկատմամբ:
Հարցադրում է արվում, թե ինչու է ՌՀՄ-ն Հայաստանում ռուսերեն և ռուսական մշակույթ քարոզում, ինչու կառույցը չի միջամտել Սոչիում զորավար Անդրանիկի հուշարձանի ապամոնտաժմանը, ինչու ռեալ աշխատանք չի տարվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ինչու կառույցը չի արձագանքում Ադրբեջանին ռուսական զենք վաճառելուն:
Նշվում է, որ ակնկալվում է պատասխան: Հակառակ դեպքում՝ կառույցի ղեկավար Արա Աբրահամյանի հրաժարականը կամ կառույցի վերանվանումը՝ Ռուսաստանի Աբրահամյանի միության: