«Հայաստանի եզդիական համայնքը դատարկվում է, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, երբ Հայաստանից եզդի ընտանիքներ են մեկնում արտերկիր՝ մշտական բնակություն հաստատելու»: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ, «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Սաիդ Ավդալյանը:

«Հայաստանում կան մի շարք եզդիական ու եզդիաբնակ գյուղեր, որտեղ բնակիչները զրկված են կենսական անհրաժեշտ պայմաններից: Գազաֆիկացման, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի ցածր լարման խնդիրները, գյուղական ճանապարհների անմխիթար վիճակն անտանելի են դարձնում այդ գյուղերում ապրող մարդկանց կյանքը: Օրինակ՝ եզդիական Թլիկ գյուղն ընդհանրապես զրկված է խմելու ջրից. նրանք գնում են ջուրը՝ ջրատար մեքենայից: Զովունի գյուղի եզդիական թաղամասը գազաֆիկացված չէ: Ես կարծում եմ՝ դա անտանելի է: Հայաստանի եզդիական համայնքի մեծագույն մասը գյուղաբնակներ են և զբաղվում են գյուղատնտեսությամբ: Վերը նշված պայմանների բացակայությունն իր անմիջական ազդեցությունն է ունենում եզդիների կենսամակարդակի վրա, դժվարացնում է նրանց աշխատանքը, առօրյան, որի պատճառով՝ ստիպված լքում են իրենց երկիրը»,- ասաց Ավդալյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ բազմաթիվ եզդի երիտասարդներ դպրոցն ավարտելուց հետո ընդունվում են ԲՈւՀ-եր՝ ակնկալելով ավարտելուց հետո ստանալ ինչ-որ աշխատանք ու պահել իրենց ընտանիքը: Սակայն չգտնելով աշխատանք՝ նրանք հիասթափվում են ու մեկնում արտերկիր՝ իրենց բախտը դրսում որոնելու:

 

«Վարչապետի հետ դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպմանը ես անձամբ բարձրացրել եմ այս խնդիրը: Հույս ունեմ, որ գործադիրի ղեկավարը քայլեր կձեռնարկի՝ այդ խնդիրների ուսումնասիրման և լուծման ուղղությամբ: Հակառակ դեպքում՝ մի քանի տարի անց, Հայաստանում, ինչքան էլ ինձ համար ցավալի է այդ մասին նշել, այլևս եզդիական համայնք գոյություն չի ունենա»,- ասաց Սաիդ Ավդալյանը: