Արցախյան թեման շարունակում է մնալ օրակարգի թիվ մեկ խնդիրը՝ կամա-ակամա ազդելով հայաստանյան ներքաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-աշխարհ երկխոսության վրա. պայմանավորված մի շարք գործոններով, կրկին հնչում են հայտարարություններ ու ելույթներ, որոնց հիմնական մեխը Հայաստանի համար բառացիորեն ճակատագրական նշանակություն ունեցող արցախյան հիմնահարցն է: Այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի պարտվողական ելույթից հետո հայտարարությամբ շտապել է հանդես գալ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն՝ արձագանքելով, ըստ էության, առաջին նախագահի կողմից հնչեցրած մտքերին:
Քոչարյանը, խոսելով խնդրի կարգավորման հնարավոր փուլային տարբերակի մասին, բառացիորեն հայտարարել է հետևյալը. «Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո, բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ»:
Նման հայտարարությամբ, պետք է նկատել՝ Շավարշ Քոչարյանը փորձում է լուծել մարտավարական քայլ՝ Բաքվի հետ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում հիմնական դերակատար ու կողմ ճանաչելով Ստեփանակերտը: Այս իմաստով՝ պետք է նկատել, որ սա ամենևին էլ առաջին անգամը չէ, որ հայկական կողմը փորձում է այս թեզն առաջ քաշել. նման փորձեր ու հայտարարություններ՝ նախկինում ևս շատ են եղել: Սկզբունքորեն դեմ չլինելով Քոչարյանի շեշտած մտքին, նրա կողմից առաջ քաշվող բանակցային ձևաչափին (Ստեփանակերտ-Բաքու)՝ պետք է նկատել, սակայն, որ այն, ըստ էության, խոցելի կողմեր ևս ունի. Բաքվի հետ բանակցող Արցախը, երբ էլ այդ բանակցությունները կայանան, պետք է շատ ավելի հզոր միավոր լինի, քան հիմա է՝ ներկա պահին:
Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, բայց մեզ այս տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց արցախյան խնդրին վերաբերող մեկ միասնական ազգային կոնցեպտ մշակել ու հակառակորդ կողմի հետ հարաբերվելիս՝ ելնել հենց այդ կոնցեպտից: Յուրաքանչյուրն, ով իրեն քիչ թե շատ կոմպետենտ մեկն է կարծում, սեփական հոգու պարտքն է համարում հանդես գալ յուրատեսակ «քոմենթներով»՝ խնդրի կարգավորման վերաբերյալ, սեփական տեսակետն ամեն գնով հրամցնելով որպես միակ ճշգրիտը. մեկը կոչ է անում հողերը թուրքերին տալ, մյուսն իր հայտարարությամբ ընդամենը մարտավարական խնդիր է փորձում լուծել, մի երրորդն էլ ջանում է Արցախի հաշվին կյանքում ինքնահաստատվել:
Այնինչ՝ համազգային կարևորագույն ու նույնիսկ գոյաբանական նշանակություն ունեցող այս խնդրում մենք վաղուց պետք է հստակեցրած լինեինք մեր դիրքորոշումն ու որևիցե կերպ թույլ չտայինք շեղում՝ մեր հիմնական գծից: Այս տասնամյակների ընթացքում, եթե կուզեք, մենք համազգային միասնության ճանապարհով հայ ժողովրդի ուժերը մեկտեղելով, պետք է ձեռնամուխ լինեինք Արցախի հզորացմանը: Ու թեպետ սխալ կլինի ասել՝ այս ուղղությամբ ոչինչ չի արվել, բայց համարել գործադրված ջանքերը բավարար, ոչ մի կերպ չի կարելի. շատ խնդիրներից, գաղտնիք չէ, Արցախը միայնակ է ստիպված լինում դուրս գալ, ու եթե չլինեն Արցախի ներկա քաղաքական ղեկավարության առանձնահատուկ ջանքերն ու գործադրած ճիգերը՝ ամեն գնով հասնելու, այդ թվում և երկրի ներքին կյանքին վերաբերող կենսական անհրաժեշտության հարցերի լուծմանը, դժվար է պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախի հետ. այս իմաստով՝ պետք է արժանին մատուցել հատկապես ԼՂ նախագահ Բակո Սահակյանին:
Ինչո՞ւ ստացվեց այնպես, որ նույնիսկ արցախյան խնդրի կարգավորման հարցում մենք չենք կարողանում միասնական ու հստակեցված դիրքորոշում ունենալ ու այդ դիրքորոշումն աշխարհին մատուցել այնպես, որպեսզի բոլորին միանգամայն հասկանալի դառնա, որ հենց խնդրի կարգավորման հայկական տարբերակն է արդարացին, պատմականորեն փաստարկվածն ու ամենաօպտիմալը: Ու թեպետ ոմանք կարող են ասել՝ աշխարհը խնդրի կարգավորման հարցում ելնում է նախևառաջ սեփական աշխարհաքաղաքական շահերից ու չի կարևորում խնդրի իրական բնույթն ու էությանը, սակայն պետք չէ մոռանալ, որ ժամանակակից աշխարհում պակաս դեր ու նշանակություն չեն խաղում նաև հասարակությունները. զարգացած աշխարհի քաղաքական ղեկավարների վրա ազդեցություն ունենալու համար հարկավոր է նախևառաջ աշխատել այդ երկրների հասարակությունների կարծիքի ձևավորման վրա. ոչ մեկին չի հետաքրքրի մեր ճշմարտությունը, քանի դեռ մենք այն ճիշտ կերպով չենք կարողանում մատուցել համաշխարհային հանրությանը:
Այս առումով, ի դեպ, թշնամին մեզանից մղոններով վաղուց առաջ է անցել ու բոլոր թույլատրելի, իսկ ավելի հաճախ՝ նաև անթույլատրելի միջոցներով, ամեն կերպ ջանում է սեփական «էշն առաջ տանել»՝ ասենք, նույն եվրոպացիներին գցելով խոր խաբեության մեջ: Իսկ ի՞նչ ենք անում մենք. գործնականում՝ ոչինչ, բացի անարդյունավետ ինքնապաշտպանությունից:
Այս հարցերին հարկավոր է արագորեն լուծում տալ. հետո կարող է ուշ լինել...
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ