2017թ. ընդառաջ ընտրական ամենահետաքրքիր ինտրիգներից մեկը կուսակցությունների տեղական ցուցակներում է լինելու:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պարզ է Երևանում իշխող ՀՀԿ-ի չորս ընտրատարածքների ռեյթինգային ցուցակները:
Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն թաղամասերը միավորող ընտրատարածքային ցուցակում տեղ են գտնելու ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ով այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, գործարար և Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը, քաղավիացիայի նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը:
4 ընտրատարածքներից մյուսում՝ Մալաթիա, Շենգավիթ թաղամասերը միավորող ընտրատարածքում՝ Հանրապետականի ցուցակով կառաջադրվեն Սամվել Ալեքսանյանը, վերջինիս քրոջ փեսա, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Աժ պատգամավոր Գրիգոր Մարգարյանը:
Քանաքեռ Զեյթուն, Ավան և Նոր Նորք թաղամասերը միավորող ընտրատարածքում ՀՀԿ-ն կներկայացնեն Տարոն Մարգարյանը, Սամվել Ֆարմանյանը, Միհրան Պողոսյանը, Ռուբեն Հայրապետյանը:
Իսկ մյուսում՝ Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն թաղամասերը միավորող ընտրատարածքի ռեյթինգային ցուցակում կլինի ամենաթեժ պայքարը՝ Մհեր Սեդրակյանի որդու, Գագիկ Բեգլարյանի, Գարեգին Նուշիկյանի միջև: