Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ օպերատիվ-հետախուզական

 

միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը:

 

Գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքագրված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2.547.000 ՀՀ դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։


Ինչպես հաղորդագրության մեջ է ասվում'կոռուպցիոն սխեմաների շրջանակներում պարզվել է, որ վերոնշյալ կոռուպցիոն շղթայում ներգրավված է եղել բժշկասոցիալական փորձաքննական մարզային ինը, Երևան քաղաքի երկու հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև վերափորձաքննության բաժնի պետը:

 

Այն, որ հաշմանդամության կարգ և թոշակ ստանալու համար քաղաքացիները պարբերաբար գումարներ են տալիս համապատասխան սոցաշխատողներին, փաստ է, և դրա մասին գիտեն բոլորը: Գաղտնիք չէ նաև, որ կոռուպցիոն ռիսկեր կան նաև բուժհաստատություններում: Առանց ծրարի հարցը չի լուծվում նաև ԲՍՓՀ-ներում, որտեղ կաշառք տրվող գումարի չափն ուղիղ համեմատական է տրվող հաշմանդամության կարգին:

 

Ուշագրավ է, որ նույն մեխանիզմն է գործում նաև «Փարոս» սոցիալական ծրագրից օգտվելու պարագայում: Սոցիալական ծառայության երևանյան և մարզային գործակալություններում պետերը կամ աշխատակիցները նպաստառու ընտանիքի անունով 1 կամ 2 ամիս նպաստ են դուրս գրում և գրպանում՝ ընտանքիներին սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրանց կզրկեն «Փարոս»-ից:

 

Այս արատավոր երևույթները հատկապես շատ ցայտուն են մարզերում, քանի որ Երևանում ամեն ինչ լուսարձակի տակ է՝ և բռնվելու վախը՝ նույնպես, թեև կաշառակերության նման դեպքերի բացահայտումից հետո էլ դրանցում ներգրավված անձինք չեն ենթարկվել պատասխանատվության: Հիմնականում որպես պատժիչ գործոն՝ կիրառվել է աշխատանքից ազատումն ու տուգանքի կիրառումն՝ օրինակ 500 000 դրամի չափով:

 

Մինչդեռ, եթե նախկինում բացահայտված դեպքերն արժանանային ավելի լուրջ պատժի, հաշմանդամ քաղաքացուն պետության կողմից տրվող աջակցությունից զրկողները, նպաստառու ընտանիքներից իրենց հասանելիք նպաստը շորթողները հայտնվեին ճաղերի հետևում, դժվար թե այս նախընտրական շրջանում նման աղաղակող կոռուպցիոն սկանդալի ականատես լինեինք:

 

Աղավնի Սուքիասյան