Դեկտեմբերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալը մարտի 30-ին տեղի ունենալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արշավում մշտապես հետևում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Այս մասին հայտնում է անգլիական The Times թերթը' մեկնաբանելով ՏԻՄ ընտրությունների քարոզչական արշավում Էրդողանի հանդեպ ընտրողների տրամադրությունները:

 

Թերթը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետի և նրա գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարության վերաբերյալ ապօրինությունների բացահայտումից հետո «ժողովուրդը տեսավ, թե նա ինչպիսի գող է»: Թերթը նշում է, որ թուրք ընտրողների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ «նա հայրենիքի թշնամի է և կախաղան է բարձրացվելու»:

 

«Չնայած Էրդողանն անձամբ չի մասնակցում ընտրություններին, սակայն, ՏԻՄ ընտրությունները վերածվել են հավատարմության չափ ատելություն արթնացնող առաջնորդի վրա բևեռացած հանրաքվեի:

 

Մեջբերելով «Միլիեթի» այն միտքը, որ 40 տոկոսից ցածր ձայներ ստանալու դեպքում, ԱԶԿ-ի իշխող կուսակցություն հանդիսանալը կհայտնվի հարցականի տակ, անգլիական թերթն ընդգծում է. «ՏԻՄ ընտրությունները կարող են դառնալ Էրդողանի վարչապետության և ԱԶԿ-ի իշխանության ավարտի սկիզբը Թուրքիայում»:

 

The Times-ը քննադատել է նաև Թուրքիայի իշխանութունների կողմից երկրում Ֆեյսբուքի օգտագործումն արգելելու և Youtube սոցիալական ցանցը փակելու վերաբերյալ հայտարարությունները:

 

Երկու ամիս առաջ թուրքական իրավապահ մարմինների կողմից անցկացված գործողությունների արդյունքում բացահայտվել էին Էրդողանի, նրա որդիների, կառավարության անդամների' խոշոր ծավալների հասնող կոռուպցիոն գործարքները: Այդ փաստերն արտացոլող հեռախոսային զրույցների ձայնագրությունները համացանցում հայտնվելուց հետո իշխող կուսակցության և հատկապես Էրդողանի հեղինակությունն ու վարկանիշը Թուրքիայում խիստ ընկել են: Այդ ցնցող բացահայտումը պատճառ դարձավ Թուրքիայում համատարած կոչերի' Էրդողանի հրաժարականի պահանջով:

 

Թուրքիայում բացահայտված կոռուպցիոն սկանդալը կարող է վերջ դնել Էրդողանի քաղաքական կարիերային, եւ նա կարող է կորցնել ոչ միայն վարչապետի իր պաշտոնը և մոտ ապագայում նախագահ դառնալու հնարավորությունը, այլեւ կարող է իր հանցագործությունների համար ենթարկվել երկարատև ազատազրկման: