Հասարակության, մասնավորապես, երիտասարդության շրջանում գիրք կարդալու ցանկությունը խթանելու նպատակով Aysor.am-ը շարունակում է ընթերցանությանը նվիրված շարքը: Ճանաչված քաղաքական, հանրային գործիչները պատմում են սիրված գրքերի, գրական հերոսների մասին:
Շարքի շրջանակում այս անգամ Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
- Ո՞րն է Ձեր ամենասիրած գիրքը:
- Իմ ամենասիրած գիրքն Աստվածաշունչն է։ Գեղարվեստական գրքերից շատ եմ հավանել Հենրիկ Սենկևիչի «Յո յերթաս» պատմավեպը։
- Կա՞ այդպիսի գիրք կամ հերոս, որ կարողացել է փոխել Ձեր ներաշխարհը:
- Գեղարվեստական գրքերի մասով կարող եմ ասել, որ մանկական տարիքից յուրաքանչյուր գիրք իր փոքրիկ ազդեցությունն է թողել։ Օրինակ՝ «Անգլուխ ձիավոր» վեպի հերոս Մորիս Ջերալդի կերպարը մարմնավորում էր ազնվությունը, համարձակությունը։ Ֆրանց Վերֆելի «Մուսա Լեռան 40 օր» պատմավեպը սովորեցրեց, որ անկախ վատ և անհույս պայմաններից՝ պետք է պայքարել, քանի որ պայքարի դեպքում դու հաղթելու հնարավորություն ունես, իսկ հանձնվելու դեպքում՝ ոչ։
-Դրակա՞ն, թե՞ բացասական հերոսներն են, ըստ Ձեզ, հետաքրքիր:
- Ինձ համար հետաքրքիր են դրական հերոսները։ Բացասական հերոսներն առանց այն էլ մեր կյանքում շատ ենք հանդիպում։
-Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
- Բրիտանացի գրող Կլայվ Սթեյփլզ Լյուիս-ի «Ուղղակի քրիստոնեություն»։
- Ձեր գրապահարանում ո՞ր ժանրի գրքերն են գերակշռում:
- Մասնագիտական։
-Տպագի՞ր, թե՞ էլեկտրոնային գրքեր եք նախընտրում:
- Նախընտրում եմ տպագիր գրքերը։
- Ըստ Ձեզ, ինչու՞ են հիմա քիչ կարդում: Արդյոք գիրքը կորցնում է իր արժեքը:
- Այսօր բազմաթիվ հոլիվուդյան և այլ ֆիլմեր փորձում են լրացնել մարդու տեղեկատվություն ստանալու պահանջը, բայց ֆիլմերը չեն կարող փոխարինել գրքերին։ Երբ գիրք ես կարդում, դու ինքդ ես էկրանավորում սյուժեն, ինքդ ես պատկերացնում հերոսներին, և երևակայությունդ սկսում է աշխատել ու զարգանալ։ Ֆիլմն ինքն է մատուցում իր հերոսին և իր պատկերացրած միջավայրը։ Առանց գրքերի մարդու երևակայությունը չի զարգանա, իսկ առանց երևակայության, դժվար է մեծ բաների հասնել։
- Ի՞նչ մեջբերում կհիշեք, որ առավել տպավորվել է:
- Վալենտին Պիկուլի «Ֆավորիտ» պատմավեպում այսպիսի արտահայտություն կար. «Բաժակի մեջ փոթորիկ սարքողը միշտ չէ, որ թոշակի գնացած նավաստի է»։
- Ի՞նչ գիրք խորհուրդ կտայիք հայ երիտասարդությանը:
- Հենրիկ Սենկևիչի «Յո յերթաս» պատմավեպն արժե կարդալ:
-Կնշեք այն առաջնային պատճառները, որոնց համաձայն քաղաքական գործիչը պետք է կարդացած լինի:
- Գրքերը ներկայացնում են տարբեր մարդկանց կյանքի իրական կամ հորինված իրադարձությունները, այդ մարդկանց մոտեցումները, զգացմունքները և հիմնականում ավարտվում են բարու հաղթանակով։ Գրքեր կարդացողն անուղղակիորեն դառնում է այդ արժեքների կրողը։ Դրան գումարած, ունենում է հարուստ բառապաշար։