Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Ռուսաստանն իրենց երկրին չի վերադարձնի Աբխազիան և Հարավային Օսեթիան, նույնիսկ եթե Թբիլիսին համաձայնի չմտնել NATO և Եվրամիություն, գրում է РБК-ն:
«Մեր կամ Ռուսաստանի պատմության մեջ ցույց տվեք գոնե մեկ դեպք, երբ Ռուսաստանն ինքնակամ ինչ-որ մեկին որևիցե բան է զիջել»,- նա այսօր հայտարարել է Թբիլիսիում կայացած ներքին գործերի եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրոմի հետ տված համատեղ հարցազրույցի ժամանակ:
«Ես անձամբ 50 անգամ այս հարցը տվել եմ Վլադիմիր Պուտինին և 50 անգամ ստացել եմ բացասական պատասխան»,- տեղեկացրել է Վրաստանի նախագահը:
Ըստ նրա, վերջին անգամ այս մասին նա Պուտինին հարցրել է 2008 թվականի փետրվարին, որին Ռուսաստանի ներկայիս նախագահը պատասխանել է, որ «մենք ձեր տարածքները չենք փոխանակում ձեր աշխարհաքաղաքական ուղվածության հետ»: