Ձմռանը` ջեռուցման ակտիվ շրջանում, զգալի թիվ են կազմում բնական գազի անզգույշ օգտագործման հետ կապված դժբախտ պատահարները, որոնք հիմնականում առաջանում են տարբեր տեսակի վառելանյութով աշխատող, անվտանգության կասկածելի աստիճանի վառարանների, գազասարքերի շահագործման կանոնների խախտումից:

Մասնավորապես` 2005-2017թթ. ՀՀ տարածքում գրանցված շմոլ գազից թունավորման դեպքերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ պատահարների թվի աճին զուգահեռ ավելացել է նաև տուժածների թիվը, սակայն անվտանգության կանոնները պահպանելու և արագ արձագանքման շնորհիվ հնարավոր է եղել նվազեցնել զոհերի քանակը:

 

 

Բնական գազի շահագործման հետ կապված դժբախտ դեպքերից խուսափելու համար ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել գազի օգտագործման անվտանգության կանոնները:

• Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը և դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը և վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:
• Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի և օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:
• Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը և այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:
• Չի´ կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:
• Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը և ապա` պարագայի փականը:
• Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:
• Չի´ կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան և այլն:
• Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից: 
• Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:

Մեծ վտանգ է ներկայացնում գազի բալոնը: Տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետևանքներ: Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից և հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը:

Հիշեցնում ենք, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 911 հեռախոսահամարով:

Գազի հոսակորուստը հայտնաբերելու եղանակները`
• աչքով. օճառաջրով թրջված գազի խողովակների վրա հոսակորուստի տեղում առաջանում են պղպջակներ:
• լսողությամբ. ուժեղ հոսակորուստի դեպքում գազը դուրս է գալիս շչոցով:
• հոտառությամբ. գազին բնորոշ հոտն ավելի ուժեղ է դառնում հոսակորուստի տեղի մոտ: Չի կարելի հոսակորուստի տեղը որոնել բաց կրակի օգնությամբ:

Եթե բնակարանում գազի հոսակորուստ է տեղի ունեցել, ապա`
• անհապաղ զգուշացրեք հարևաններին և նրանց հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների, խուսափեք այն գործողություններից, որոնք կարող են առաջացնել կայծարձակում և օդի ջերմաստիճանի բարձրացում.
• օդափոխեք բնակարանը` բացելով պատուհաններն ու այնտեղից հեռացնելով բոլոր մարդկանց: Չի կարելի ծխել, լուցկի վառել, էլեկտրական զանգի կոճակը սեղմել, հեռախոսով զանգահարել (վարդակից լարը հանեք, որ ձեզ չկարողանան զանգահարել): Հաճախ կայծ է հայտնվում որևէ էլեկտրասարք միացնելիս (շատ հաճախ` սառնարան) և դա բավական է, որ պայթյուն առաջանա` չնայած զգուշության նպատակով ձեռնարկվող միջոցներին.
• եթե հնարավոր է, դադարեցրեք գազի մատակարարումը, դուրս եկեք բնակարանից` փակելով դուռը և գազի ծառայության մասնագետների գալուն սպասեք փողոցում:

Եթե գազն այրվում է հոսակորուստի տեղում, ապա
• անմիջապես բնակարանից հեռացրեք բոլոր մարդկանց և հարևանի տնից հեռախոսով կանչեք գազի վթարային ծառայության մասնագետների ու հրշեջ-փրկարարների.
• քանի գազն այրվում է` պայթյունի վտանգ չկա, ուստի երբեք մի փորձեք մարել բոցը, որովհետև դա կհանգեցնի աղետի. գազն ու օդը միասին առաջացնում են պայթուցիկ խառնուրդ և կրակի աղբյուրի առկայության դեպքում (գերտաքացած մետաղ, այրվող ածխակտորներ, կայծեր, էլեկտրական աղեղ) պայթյունն անխուսափելի է.
• աշխատեք փակել գազամատակարարումը, հետևեք, որ չայրվեն կրակին մոտ գտնվող առարկաները (վարագույրներ, սրբիչներ և այլն):

Եթե հրածորանում (горелка) բոցը մարել է, ապա
• մարած հրածորանը նկատելով` մի փորձեք այն նորից այրել. դա կհանգեցնի կուտակված գազի պայթյունի: Փակեք գազի ծորակը, բացեք պատուհանները և օդափոխեք խոհանոցը.
• սպասեք, մինչև հրածորանը սառչի (անհրաժեշտության դեպքում այն մաքրեք սննդի ու յուղի մնացորդներից, փչեք գազի հոսքի անցքերը) և հետո նորից վառեք գազը` նախապես փակելով պատուհանները և վերացնելով միջանցահովիկը.
• եթե խոհանոցում շատ գազ է կուտակվել, ապա թունավորվելուց խուսափելու համար թաշկինակը ջրով թրջեք, սեղմեք դեմքին և, դրա միջով շնչելով, մտեք խոհանոց ու փակեք գազի ծորակը: Եթե դա անել չի հաջողվում, անմիջապես տարահանեք աստիճանահարթակի բոլոր հարևաններին և կանչեք գազի վթարային ծառայության վարպետների ու հրշեջ-փրկարարների.
• գազից թունավորվածներին, տուժածներին օգնություն ցույց տվեք:

Պակաս կարևոր չեն նաև հրդեհային անվտանգության ապահովման համար թիթեղյա վառարաններին ներկայացվող պահանջները, մասնավորապես` արգելվում է.
• վառարանը տեղադրել ելքի-մուտքի ուղիներում և թողնել առանց հսկողության,
• վառարանի գործարկման համար օգտագործել բենզին և այլ դյուրավառ հեղուկներ,
• բնակելի շենքերում ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները,
• վառարանը տեղադրել այրվող պատերից, միջնորմներից, ինչպես նաև վառողունակ իրերից ու առարկաներից 1.5 մետրից պակաս հեռավորության վրա: Հորիզոնական ծխնելույզների և սենյակի փայտյա առաստաղի միջտարածությունը պետք է լինի 1 մետրից ոչ պակաս,
• վառարանի գործարկումն առանց 3 սմ հաստության ավազի շերտով լցված մետաղական տակդիրի, որը վառարանի առջևի կողմից պետք է դուրս գա 50 սմ, իսկ կողքերից` 25 սմ: Վառարանի ոտքերը պետք է հատակից բարձր լինեն ոչ պակաս, քան 25 սմ,
• վառարանի ծխնելույզը դուրս բերել տանիք: Ծխատար թիթեղյա խողովակները անհրաժեշտ է երկարացնել և լուսամուտով դուրս հանել,
• վառարանի վրա, դրան մոտ պահել կամ չորացնել լվացք, վառելափայտ և այլ վառողունակ իրեր ու նյութեր,
• գործող վառարանը թողնել առանց հսկողության կամ դրանց հսկողությունը վստահել երեխաներին: