Հունվարի 7-ին Բաղդադում հանդիպել են Թուրքիայի և Իրաքի վարչապետերը, ովքեր ի թիվս շատ հարցերի, քննարկել են նաև եզդիներին վերաբերող մի շարք հարցեր: Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանի հետ:
-Սաիդ, տեղյա՞կ եք՝ այդ հանդիպման ժամանակ եզդիների վերաբերյալ ի՞նչ կարևորագույն հարցեր են քննարկվել:
-Երկու երկրների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի եզդիական Բաշիկա բնակավայրից թուրքական զորքերի հեռանալու հետ կապված: Հիշեցնեմ, որ դեռևս 2015թ. դեկտեմբերի 5-ին, թուրքական 130 հոգանոց զորախումբը ներխուժեց Իրաքի եզդիական Բաշիկա բնակավայրը՝ հիմնավորելով, որ ինքը համաձայնություն ունի Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ: Թուրքիան պատրաստվում էր այնտեղ ստեղծել ռազմական ուսումնական բազա՝ քրդական փեշմարգայի (զինված ուժերի) համար: Թուրքիան դրանով ձգտում էր Շանգալից ու Իրաքյան մյուս տարածքներից դուրս մղել Թուրքիայի ու Իրաքյան Քուրդիստանի դարավոր թշնամի Քրդստանի Բանվորական կուսակցության (PKK) մարտիկներին, ովքեր իրենցից մեծ վտանգ են ներկայացնում թե´ Թուրքիայի, թե´ Իրաքյան Քուրդիստանի համար: Այս քայլով այդ տարածքները կհայտնվեին Քուրդիստանի վերահսկողության ներքո:
Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Իրաքի վարչապետը հանդիպումից հետո հայտարարել է, որ Շանգալը լինելու է Իրաքյան ուժերի վերահսկողության ներքո: Սա դրական է այն իմաստով, որ Շանգալը չի հայտնվելու Քուրդիստանի ազդեցության տակ: Շանգալը երկար ժամանակ կռվախնձոր է Իրաքյան Բաղդադի ու Քուրդիստանյան Էրբիլի միջև, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում է այն իր տարածքում ընդգրկել: Պատճառն այն է, որ Շանգալն ունի կարևոր ռազմավարական դիրք, քանի որ այն գտնվում է Թուրքիա-Սիրիա-Իրաք եռանկյունու վրա: Այն երկիրը, որը վերահսկողություն կսահմանի եզդիական Շանգալ նահանգի վրա, կունենա վերահսկողություն՝ այդ երեք երկրների սահմանային եռանկյունու վրա:
-Իսկ ի՞նչ կլինի, եթե Շանգալն անցնի Քուրդիստանի վերահսկողության տակ:
-Շանգալի՝ Քուրդիստանի վերահսկողության տակ անցնելու դեպքում եզդիներն ամբողջությամբ դուրս են մղվելու իրենց բնօրրանից, իրենց հայրենի հողերից և դրանք վեր էին ածվելու քրդական հողերի: Սա Քուրդիստանի վաղեմի երազանքն է, որի իրականացման համար նա 2014թ.-ի օգոստոսին իր զորքերը դուրս բերեց Շանգալից, որպեսզի Իսլամական պետության ծայրահեղականներն անխնա ու առանց արգելքի կոտորեն եզդիներին, որի հետևանքով տարածքը լիովին կդատարկվեր ու կհայտնվեր քրդական իշխանությունների վերահսկողության ներքո: Քրդերը ցանկանում են անել ամեն բան, որպեսզի եզդիական տարածքները հայտնվեն Քուրդիստանի վերահսկողության ներքո, ինչը չի կարելի է թույլատրել: Նրանք բլոկադայի մեջ են վերցրել Շանգալը՝ թույլ չտալով, որ եզդիները վերադառնան այնտեղ, վերականգնեն իրենց ավերված տները կամ նույնիսկ դուրս բերեն իրենց ունեցվածքը՝ Շանգալից: Մի քանի օր առաջ քրդական իշխանությունները Դհոկ քաղաքում անօրինական կերպով փակեցին եզդիական միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպության՝ YAZDA-ի գրասենյակները՝ թույլ չտալով, որ այն իրականացնի իր գործունեությունը՝ հօգուտ եզդի փախստականների:
Ճիշտ կլիներ, որ Շանգալը ինքնավարություն հռչակի ու ինքնուրույն տնօրինի իր ճակատագիրը: Սակայն ներկա պարագայում՝ դրան հասնելու համար բազմաթիվ խոչընդոտներ կան: Հետևաբար, կարծում եմ, որ այս պահին ճիշտ է, որ Շանգալը հայտնվի Իրաքի վերահսկողության ներքո, քան թե Քուրդիստանի: Քրդերի ցեղասպան քաղաքականությունը նման է թուրքերի Մեծ Թուրան ծրագրին, որը նույնպես ենթադրում էր բոլոր ժողովուրդների ոչնչացում և այդ տարածքների ու բնակչության թուրքացում: Քրդերն այս առումով թուրքերից ավելի մեծ նպատակններ են հետապնդում՝ ձգտելով իրենց երևակայական պետության կազմում ընդգրկել Իրաքի, Թուրքիայի, Իրանի, Սիրիայի քրդաբնակ շրջաններն ու տարածքները, ինչպես նաև Հայաստանի Արմավիր, Արագածոտն, Արարատ մարզերը, այդ թվում նաև Լաչինն ու Քարվաճառը:
Հուսով եմ, որ Իրաքի վարչապետի հայտարարությունները կյանքի կկոչվեն, չնայած, համոզված եմ, որ Քուրդիստանի իշխանությունները նույնպես չեն զիջի և կշարունակեն իրենց քաղաքականությունը՝ տիրանալու Շանգալին:
Քրիստինա Աղալարյան