Համապետական ընտրություններին մնում են հաշված ամիսներ ու պայմանավորված հենց այս իրողությամբ՝ հայկական ԶԼՄ-ներում հատկապես վերջին շրջանում ակտիվորեն սկսել են շրջանառության մեջ դրվել հոդվածներ, «վերլուծություններ», որոնցով ոմանք ավելի շատ փորձում են ոչ թե հանդես գալ իրավիճակի օբյեկտիվ քննությամբ, այլ, ըստ էության, իրականացնել յուրատեսակ պրոպոգանդա:
Անկասկած, ներկայի հիմնական քաղաքական հարցադրումը, որը, կարելի է ասել՝ հուզում է հազարավորներին, այն հարցն է, թե հատկապես ինչ կերպ է պատրաստվում Գագիկ Ծառուկյանը վերադառնալ քաղաքական դաշտ. այս թեմային նվիրված վերլուծությունների պակաս՝ առանձնապես չի զգացվում: Սակայն, ցավոք, պետք է նկատել, որ ոչ միշտ են այդ «վերլուծություններն» աչքի ընկնում օբյեկտիվությամբ. որպես կանոն՝ դավադրությունների յուրատեսակ տեսություններ հիշեցնող այդ գրվածքներում Ծառուկյանի վերադարձն ամեն կերպ փորձում են պայմանավորել արտաքին գործոններով, այս կամ այն գործչի ուզել-չուզելով և այլն:
Թե հատկապես ինչով է երևույթն այս պայմանավորված, կարծում ենք՝ այնքան էլ դժվար չէ կռահել: Ամենայն հավանականությամբ՝ ոմանք միանգամայն գիտակցաբար՝ չեն ցանկանում հաշտվել այն իրողության հետ, որ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու հարցը կախված չէ որևէ մեկի քմահաճույքից. նա հաշվի է նստում բացառապես ժողովրդի հետ, որի շրջանում, ինչպես հայտնի է՝ վաղուց է հասունացել վստահելի մեկին քաղաքականության մեջ ունենալու ձգտումը:
Վստահաբար՝ այսօր ընդամենը մեկ օրինական միջոց կա՝ պարզելու համար, թե այս կամ այն անհատը որքանով է վայելում ժողովրդի վստահությունը, կամ որքանով են արդարացված նրա քաղաքական ձգտումներն ու սպասելիքները. այդ միակ օրինական միջոցն ընտրություններն են, ու բոլոր նրանք, ովքեր իշխանություն ձեռք բերելու ցանկություն ունեն, պետք է նախևառաջ պատվով հաղթահարեն ընտրություններն ու ապացուցեն, որ իրենց իշխանությունն ամրագրված է ժողվրդի քվեով, ու իրենք իրենց թիկունքին հենց հասարակական ամենալայն զանգվածների վստահությունն ունեն: Այլ կերպ ասած՝ միակ կերպն ու եղանակը՝ պարզելու սեփական ժողովրդականության աստիճանը՝ կան և մնում են քաղաքական ընտրությունները: Հետևաբար՝ հարցը, թե ով է կողմ կամ դեմ, ում սրտով չէ, կամ ով է ամենաշահագրգիռը Ծառուկյանի վերադարձով, խոշոր հաշվով ոչինչ չի նշանակում: Կլինեն ընտրություններ, ու պարզ կդառնա, թե անհատներից կամ քաղաքական ուժերից ամեն մեկն ինչ ռեսուրս ունի յուր թիկունքում:
Իսկ կասկածելի բովանդակությամբ հոդվածների պատվիրատուներին, որոնք, պետք է խոստովանել՝ անբնական աշխուժություն են սկսել դրսևորել հատկապես Ծառուկյանի ակտիվացման թեմայի շուրջ, մնում է միայն խորհուրդ տալ՝ մարդու դեմ սև PR անելու փոխարեն՝ թող գնան ու անձամբ մասնակցեն առաջիկա ընտրություններին ու մոտավոր պատկերացում կազմեն սեփական ռեյտինգի մասին:
Վերջիվերջո, ինչպես «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն էր ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներից մեկում չափազանց դիպուկ կերպով նկատել ու շեշտել՝ քննադատություններն ու քաղաքական դիսկուրսները պետք է կրեն ոչ թե պրիմիտիվ և նեղանձնային, այլ գաղափարական ու ծրագրային բնույթ: Հասարակությունը պետք է ականատես դառնա ոչ թե կեղտոտ տեխնոլոգիաների կիրառմամբ միմյանց ուղղությամբ ցեխ շպրտելուն, այլ գաղափարական բանավեճերի, որի պակասը մեզանում երկար տարիներ է, ինչ շարունակ զգացվում է. քաղաքականությունն ամենևին էլ ինքնանպատակ երևույթ չէ ու պետք է միտված լինի նախևառաջ ժողովրդի շահերն արտահայտելուն, ոչ թե առանձին անհատների անձնական ամբիցիաները բավարարելուն, հետևաբար՝ ժողովուրդը պետք է ականատես դառնա նախևառաջ գաղափարների ու ծրագրերի մրցակցությանն, այլ ոչ թե գուլաշ հիշեցնող մենամարտերի...
Միանշանակ է մնում մեկ բան՝ Գագիկ Ծառուկյանի հետագա քայլերը կախված են լինելու բացառապես նրա կողմից ընդունվելիք որոշումներից. նա ինքն է որոշում՝ վերադառնա՞լ ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ, և որևէ մեկն, ինչպիսի թափ ու կշռի տեր անհատ էլ լինի, չի կարող ազդել Ծառուկյանի ինքնիշխան որոշման վրա. միակ չափորոշիչը ժողովուրդն է:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ