Ինչպես եւ սպասվում էր, Վանաձորում ներքաղաքական ճգնաժամն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան», «Հայկական Վերածնունդ» եւ ԲՀԿ խմբակցությունների՝ ավագանու նիստերը բոյկոտելու որոշումից հետո, քաղաքապետարանին ու իշխող ՀՀԿ-ին արդեն երկրորդ անգամ չի հաջողվում ավագանու նիստ գումարել՝ քվորում չապահովվելու պատճառով։ Իշխող ուժն ավագանու կազմում այս պահին փաստացի փոքրամասնություն է: Սա նշանակում է, որ կաթվածահար է եղել ու լինելու քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքի բնականոն գործունեությունը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համապատասխան գրություն է պատրաստել, որով կառավարությանը դիմելու է պահանջով՝ կրճատել Վանաձորի ավագանու գործունեության ժամկետը և նոր ընտրություններ նշանակել: «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները ևս միացել են այդ դիմումին:

Իրավիճակը, մեղմ ասած, զավեշտալի է. իշխանությունը չի կարողանում քվորում ապահովել, ընդիմությունն էլ չի ուզում: Անշուշտ, նիստերին մասնակցել-չմասնակցելու հարցը յուրաքանչյուր քաղաքական ուժի որոշելիքն է, և գոյություն չունեն մեխանիզմներ, որոնք կստիպեն նրանց դա անել: Չմասնակցելով ավագանու նիստերին, այդ քաղաքական ուժերը նույնպես քաղաքական դիրքորոշում են արտահայտում: Մի երկրում, որտեղ պառլամենտական ֆրակցիայի անդամների մեծ մասը կարող է առանց հարգելի պատճառների ամիսներ շարունակ բացակայել նիստերի դահլիճից՝ ստեղծված իրավիճակը պետք է որ նորմալ ընկալվեր: Այլ հարց է, թե որքան կարող է դիմանալ Վանաձորը՝ առանց հաստատված բյուջեի և քաղաքի զարգացման ծրագրի: Սա արդեն քաղաքական պատասխանատվության հարց է, որը քաղաքական ուժերը ստանձնում են ընտրություններին մասնակցելու որոշումը կայացնելու պահից սկսած: Թերևս, դա մեր ողջ քաղաքական դաշտի «աքիլլեսյան գարշապարն» է: Քաղաքական պատասխանատվության բացակայությունն է պատճառը, որ այսօր ունենք այն, ինչ ունենք…

ՀՀ երրորդ քաղաքում առաջացած և դեռևս իր լուծումը չգտնող այս քաղաքական հակասությունների թնջուկը կառավարության համար փորձաքար է՝ հանրության առջեւ իր դիրքորոշումը ներկայացնելու առումով: Հանրության մոտ ակնհայտորեն առկա էին չհիմնավորված ակնկալիքներ կառավարությունից, եւ հանրային ընկալումների այդ փորձաքարը կհանդիսանա երեք կուսակցությունների դիմումի եւ դրա հիման վերաբերյալ ընդունված որոշումը: Անշուշտ, վերջին հաշվով կայացվելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում:

Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել. Եթե կայացվի իրավական որոշում, միանշանակ է, որ ավագանու գործունեության ժամկետը պետք է կրճատվի եւ նոր ընտրություններ նշանակվեն: Սակայն, կասկած չկա, որ ՀՀ կառավարությունը ոչ թե իրավական ճանապարհով է որոշում կայացնելու, այլ քաղաքական:

Հետևելով ՀՀԿ-ական ներկայացուցիչների ելույթներին, մեկնաբանություններին՝ նրանք նպատակ ունեն հետաձգել այս հարցը, ձգտելով այս հեղհեղուկ վիճակը պահպանել մինչեւ խորհրդարանական ընտրությունների ավարտը: Ապրիլի 10-ին՝ նոր քաղաքական իրավիճակում, հնարավոր է, որ այսօրվա ստորագրած կուսակցությունները տարբեր դիրքերում հայտնվեն: Այդ առումով Վանաձորի ավագանիում ձեռք բերված լոկալ պայմանավորվածությունները կարող են եւ փոխվել: Այս դեպքում իշխանություններն իրենց հույսը ամբողջովին դրել են քաղաքական իրավիճակի փոփոխության վրա:

Հատկանշական է, որ եւ՛ ՀՀԿ ներկայացուցիչները, եւ՛ դիմումը կառավարությանը հասցեագրող կուսակցությունների ներկայացուցիչները, հղում անելով օրենքին, տարբեր վարկածներ են պնդում: Ըստ ՀՀԿ-ականների՝ կառավարությունը չի կարող լուծարել ավագանին, իսկ ըստ տեղական դաշինքի ներկայացուցիչների՝ իրավասու է եւ կարող է: Սա ճիշտ կրկնում է այն իրավիճակը, որ գոյություն ունի Գյումրիում, ուղղակի՝ այլ խնդրի հետ կապված: Պարզապես արձանագրում ենք օրենքի տարընթերցման հետ կապված հերթական դեպքը: Ամբողջ խնդիրն այն է, թե հիմա կառավարությունն ինչպես է դուրս գալու այս իրավիճակից: Վերջին հաշվով, սա ոչ թե կուսակցությունների խնդիրն է, այլ կառավարության: Վանաձորում իրադարձությունների հետագա զարգացումը թերևս ի ցույց դնի, թե վարչապետի հայտարարած՝ բարեփոխումներ և փոփոխություններ անելու վերաբերյալ հայտարարությունները որքանով են իրական:


Ստելլա Խաչատրյան