Դելիի ոստիկանությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքով ձերբակալել է 38-ամյա մի դերձակի, որը խոստովանել է, որ 14 տարվա ընթացքում բռնության է ենթարկել ավելի քան 500 անչափահաս աղջիկների: Ինչպես մամուլին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության սպա Օմվիր Սինգհը, իրավապահները մանկապիղծի հետքի վրա են ընկել՝ հետաքննելով դպրոցական աղջիկների վրա կատարված հարձակումների մի քանի դեպք:
«Մեղադրյալը մեզ խոստովանել է, որ որպես կանոն աչքի տակ ունեցել է 7-ից մինչեւ 10 տարեկան աղջիկների: Նա ընտրում էր աղջկա, որը մենակ էր դպրոցից տուն գնում, նրան մոլորեցնում էր, ասելով, թե նրա հայրը իրեն խնդրել է հագուստ կամ այլ իրեր հանձնել նրան, եւ աղջկան տանում էր ամայի վայր»,-ոստիկանի խոսքը մեջբերում է NDTV հեռուստաալիքը:
Ձերբակալված Սինուլ Ռաստոգին հինգ երեխաների հայր է, նա ավելի վաղ արդեն ձերբակալվել էր անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար եւ վեց ամիս անցկացրել բանտում: Հանցագործն աղջիկների վրա հարձակվում էր հիմնականում Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում եւ հարեւան տարածաշրջաններում:
Տեղական ԶԼՄ-ների կարծիքով՝ հանցագործին կարող էր օգնել այն, որ ավանդական Հնդկաստանում բռնաբարության զոհերը եւ նրանց ընտանիքները շատ հաճախ իրենք են փորձում թաքցնել նման հանցագործությունները, որպեսզի աղջկա անունը «չարատավորվի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: