«Տափակ բամբասանքներ չեմ մեկնաբանում»,- այսպես արձագանքեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինելու հաջորդ խորհրդարանում:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է տարածել այն մասին, որ ամենայն հավանականությամբ՝ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանը ներկայացված չի լինի հաջորդ խորհրդարանում:
Ըստ աղբյուրի՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ Մանվել Գրիգորյանը չի լինելու նաև ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում: Փոխարենը՝ Արմավիրի մարզում առաջադրվելու է մյուս գեներալ-պատգամավորը՝ Սեյրան Սարոյանը: Նրա հեղինակությունը տարբեր հարցումներով ավելի բարձր է: Իսկ թե Մանվել Գրիգորյանին՝ որպես փոխհատուցում, ի՞նչ է տրվելու, առայժմ հայտնի չէ: Նշված է նաև, որ Սերժ Սարգսյանը միայն հայտարարել է, որ կուսակցությունից նեղացածներ չպետք է լինեն:
Սոնա Հարությունյան