Հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Միրիամ Լեքսմանի և Եվրոպական ժողովրդական խմբակցության հովանավորությամբ տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին համաժողովը։
Բանախոսների շարքում էին միջազգային իրավունքի պրոֆեսոր Պիեռ դ’Աղժանը, Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, «Արցախի հայկական մշակութային ժառանգություն․ միջազգային համակարգում գործող պաշտպանության մեխանիզմներ՝ միտված պահպանելու ժառանգությունը» խորագրով գրքի հեղինակ Արմինե Տիգրանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան/ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Եվրոպա Նոստրա կազմակերպության Գլխավոր քարտուղար Սնեժկա-Քուադվլիխ Միխայլովիչը։
Համաժողովին ներկա էին Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպա Նոստրա կազմակերպության ներկայացուցիչներ, հոգևոր առաջնորդներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Դեսպան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտմանը, Լեռնային Ղարաբաղից բռնի ուժով տեղահանված հայերի ներկա իրավիճակին, ինչպես նաև հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հույժ կարևորությանը։ Նա նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի կրել ծանր հետևանքներ իր կործանարար և աղետալի գործողությունների համար, Ալիևի ռեժիմը կշարունակի խախտել միջազգային իրավունքը, միջազգային իրավական կարգը և Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումները։
Դեսպան Բալայանը ներկայացրել է իր հայրենի գյուղի եկեղեցու նկարները, որն, ըստ արբանյակային նկարների, քանդվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից, և հավելել, որ նրանք միտված են շարունակել այս աղետալի քաղաքականությունը, քանի որ մնում են անպատիժ։ Դեսպան Բալայանը նաև լսարանի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի վրա՝ մատնանշելով վերջինիս իրականացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը։
Միրիամ Լեքսմանը, իր հերթին, մատնանշել է անպատժելիության աղետալի հետևանքները և անդրադարձել երկակի ստանդարտներին և եվրոպական արժեքները քաղաքական նպատակահարմարությանը զոհաբերելու անթույլատրելիությանը։
Պիեռ դ՚Աղժանը ներկայացրել է հարցի իրավական ասպեկտը և անդրադարձել Արդարադատության միջազգային դատարանում սույն հարցի քննարկման մանրամասներին և ադրբեջանական կողմի հակադիր հայցերին։ Նա նշել է, որ Ադրբեջանը որդեգրել է Հայաստանի հայցերին հայելային սկզբունքով հակադարձելու քաղաքականությունը՝ նպատակ հետապնդելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը։
Հայր Գարեգինն անդրադարձել է հոգևոր ժառանգությանը և կարևորել վերջինիս պահպանության հարցը։ Նա նաև ներկայացրել է մի շարք մշակութային կոթողներ, որոնք կա՛մ ոչնչացվել են, կա՛մ օտարվել, կա՛մ կանգնած են ոչնչացման վտանգի առջև։
Արմինե Տիգրանյանը ոչ միայն ներկայացրել է բուն կոթողների վտանգված լինելու հանգամանքը, այլև ԼՂ հայերի ոչ նյութական արժեքների, այդ թվում՝ ավանդույթների և համայնքային կյանքի պահպանման կարևորությունը։ Հեղինակի գրքերը բաժանվել են համաժողովի բոլոր մասնակիցներին։
Եվրոպա Նոստրայի Գլխավոր քարտուղարը խստագույնս դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացրած էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղում և ընդգծել, որ իր ղեկավարած կազմակերպությունը բազմիցս ահազանգել է իրականացվող ոտնձգությունների մասին՝ շեշտելով ԼՂ մշակութային ժառանգության կարևորությունը եվրոպական քաղաքակրթության համար։ Նա նաև առանձնահատուկ շեշտել է, որ «հայկական ժառանգությունը նույն եվրոպական ժառանգությունն է»։
Իր եզրափակիչ խոսքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելյամին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ ազգաբնակչության՝ իր պատմական բնօրրանը վերադառնալու իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում են ԲԵլգիայում ՀՀ դեսպանությունից: