Երկարատև սպասումից հետո Շուխյանների ընտանիքում եռյակ է ծնվել: Մարիանա, Արիանա և Արեն եռյակը լույս աշխարհ է եկել հունվարի 20-ին, ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրիի «Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոց»-ում՝ կեսարյան հատումով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընդհանրապես եռյակի ծննդաբերության համար հարկավոր է 3-րդ կարգի հիվանդանոց, սակայն ծնողները, ծանոթանալով հիվանդանոցի պայմաններին, որոշում են, որ Գյումրիում են փոքրիկները ծնվելու: 13 շաբաթականից մինչև վերջ՝ 36 շաբաթական, մայրը եղել է այդ հիվանդանոցի հսկողության տակ:

Առաջինը ծնվել է Մարիանան՝ 2կգ 160 գրամ քաշով, երկրորդը՝ մյուս աղջիկը՝ Արիանան՝ 1 կգ 690 գրամ և երրորդը՝ տղան Արենը՝ 2կգ 45 գրամ քաշերով: Մոր և երեխաների վիճակը բժիշկները լավ են գնահատում: 30-ամյա մայրը՝ Անի Բալյանն, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին զգացողությունը ուրախությունն է եղել, ապա վախն ու շոկային վիճակը:

«Երբ առաջին անգամ տեսա երեխաներին, զգացմունքներս անասելի էին՝ ուրախություն, բայց նաև վախ: 6 տարի եմ իրենց սպասել»,- անկեղծանում է մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան մայրը՝ նշելով որ իրենց տանն արդեն ամեն ինչ պատրաստ է փոքրիկների համար: «Ամեն մեկն իր անկողինն ու իր անկյունն ունի, հագուստը: Երկար ենք սպասել այս օրվան»,- նշեց եռյակի մայրը՝ փաստելով, որ ամուսինը զբաղվում է արտագնա աշխատանքով:

 

Այս լուրը Գյումրիի համար ավետիս որակեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Աշոտ Կուրղինյանը: «Մարզում եռյակը է ծնվել՝ սա իրոք ուրախալի է բոլորիս համար: Երեկ շատ բարեհաջող ծննդալուծում ունեցանք, և Անի Բալյանը կեսարյան հատումով ունեցավ երեք առողջ բալիկ: Ոչ միայն ծնողներն են երկար սպասել, այլև մենք, քանի որ լինելով մեր հսկողության տակ, հիվանդանոցը կարողացավ ծանր պատասխանատվությունն իր վրա վերցնել և բարեհաջող ավարտել: Սա ցույց է տալիս, որ բավարար հագեցվածություն կա, և 3 երեխաներին էլ՝ անհրաժեշտության դեպքում ամբողջ ծավալի օգնություն ցույց տալու հնարավորություն կա»,-նշեց Աշոտ Կուրղինյանը:

 

Արմենուհի Մխոյան