Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը' Ադրբեջան արտահանձնելու պաշտոնական Բաքվի պահանջը բավարարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ի բելառուսական ծառայությունը' հղում անելով Մինսկի քաղաքային դատարանին:

 

«Լապշինի բողոքարկումը հասել է Մինսկի քաղաքային դատարան»,- Sputnik-ին հայտնել է քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Նա տեղեկացրել է, որ բողոքարկումը կուսումնասիրվի Մինսկի քաղաքային դատարանում հունվարի 26-ին' փակ դատական նիստում:

 

Լապշինի պաշտպանությունն իրականացնում են իսրայելցի և ռուսաստանցի փաստաբանները: Համաձայն բելառուսական օրենսդրության' նա նաև կարող է բողոք ներկայացնել Բելառուսի Գերագույն դատարան:

 

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պա շտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

 

Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։