«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը հունվարի 24-ին հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից: Դրանում մասնավորապես նշվում է.

«Հակառակորդի կյանքի թելը կտրված է

«Արմավիր» ՔԿՀ,

24 հունվարի 2017թ.

Անկախ դեպքերից եւ դեմքերից, գործընթացները ծավալվում են հանուն կամ ընդդեմ համակարգի հետագա կյանքի: Վաղ թե ուշ՝ Սերժ Սարգսյանը կզոհաբերվի հանուն համակարգի: Նա այնքան է իրեն նույնացրել համակարգի հետ, որ իր նկատմամբ համատարած ատելությունը պրոյեկտվում է համակարգի վրա: Իրականում նրանք նույնն են, եւ երկրորդ մեկը չկա, որ այդքան նույնական լինի համակարգին: Հենց այդ երեւույթի բացահայտումն էլ անհանգստացնում է համակարգի տերերին եւ նրա շնորհիվ դիրք ու կարողություն ձեռք բերած խամաճիկներին: Նաեւ՝ դրանց ակնկալիքն ունեցող պատեհապաշտներին: Մոլորյալ անգիտակիցներին էլ Աստված օգնի:

Ապրիլյան քառօրյան բարակեցրեց, իսկ «Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը կտրեց համակարգի կյանքի թելը:

Ազգային գիտակցությունը դանդաղ, հաճախ սայթաքելով ու ճանապարհից շեղվելով, սակայն կայուն ընթացքով հաղթահարում է տարիների ինքնախաբեության, կեղծիքի եւ սահմանափակության խճճված ցանցի արգելքները եւ շուտով դուրս կգա այդ տիրույթից:

Այդպես կլինի, որովհետեւ ազգային ոգու ներկայիս վիճակը դրական իմաստով անհամեմատելի է առայժմ տիրող իրականության հետ: Նրա ուժին, նրա պոռթկման զորությանն այս խարխուլ համակարգը չի կարող դիմանալ:

Կյանքը եւ ժամանակը «պահածոյացնելու» փորձերն իզուր են: Դրանք շատ կարճ տեւողություն ունեն, քանի որ անմիջապես արտացոլվում են կենսական պահանջմունքերի գիտակցության «հայելու» մեջ եւ, բացահայտվելով որպես կեղծիք, կորցնում են իրենց ազդեցությունը: Ավելին, համակարգը վերածվել է «Շագրենի կաշվի»: Որքան նրան փրկելու փորձեր են անում, այնքան նա թուլանում եւ նվազում է, իսկ եթե չանեն, կպայթի: Կործանումն անխուսափելի է:

Մենք երկու խնդիր ունենք. 1) արագացնել եւ ավարտին հասցնել համակարգի կործանումը եւ 2) պատրաստ լինել, Ժիրայր Սէֆիլյանի պատկերավոր արտահայտությամբ ասած՝ բռնելու դրոշակն ընկնելու պահին:

Ընդվզումը, անկախ դրա բնույթից եւ գործողություններից, պարտադիր պայման է այդ խնդիրները լուծելու համար»: