Սասնա Ծռեր խմբավորման անունից ազատազրկված Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որը ներկայացնում ենք ստորեւ առանց փոփոխության.
«Սասնա Ծուռ Մխիթար Ավետիսյանի տարեդարձն է
1966 թ. դեկտեմբերի 21-ին՝ Գարեգին Նժդեհի մահվանից ուղիղ 11 տարի անց, Հայաստանի Արցախի մարզի կենտրոն Ստեփանակերտ քաղաքում է ծնվել Սասնա Ծռեր խմբավորման շտաբի պետ, ազատամարտիկ պահեստազորի սպա Մխիթար Ավետիսյանը:
Ոգեղեն հայկականություն, անսահման հայրենասիրություն, քաղաքացիական արիություն և սկզբունքայնություն, բնատուր իմաստություն, կանխատես ռազմավարական միտք, կազմակերպչական տաղանդ, ասպետական վեհություն, պողպատե տոկուն կամք և աներեր վճռականություն՝ անհատական հատկանիշներ և բնավորության գծեր, որոնք հաստատում են, որ 1966 թ. դեկտեմբերի 21-ին Արցախում Գարեգին Նժդեհի զինակից մի նոր Թևան Ստեփանյան է ծնվել, և որ նա պետք է շարունակի Նժդեհի ու Թևանի գործը:
Եթե ոչ Մխիթարի ծննդյան օրը, ապա 2016 թ. հուլիսի 17-ի լուսաբացին, երբ նրա գլխավորությամբ Սասնա Ծռերը խորտակեցին թրքաբոլշևիկյան գաղութային համակարգի մահակ-խորհրդանիշ ՊՊԾ գնդի դարպասն ու կտրեցին այդ հրեշավոր համակարգի կյանքի թելը, Նժդեհի հոգին Բարձրյալի մոտ ուղեկցած հրեշտակը թերևս թեթևացած շունչ է քաշել և գոհունակությամբ արձանագրել, որ 1966 թ. դեկտեմբերի 21-ին երկնային պատվերն անսխալ էր և ժամանակին:
Առողջություն և արևշատություն ենք մաղթում մեր Սասնա Ծուռ շտաբի պետին՝ Հայրենիքի ազատագրումն ավարտին հասցնելու և ինքնիշխան պետություն կառուցելու համազգային գործում իր առաքելությունն ի կատար ածելու համար:
Իսկ մեր Սրբազան Հայրենիքին և հայկազուն ազգին շնորհավորում ենք նվիրյալ զավակի ու քաղաքացու տարեդարձի առթիվ:
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռեր խմբավորման անունից)»: