«Սասնա Ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ մարտի 13–ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվեց ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։
Ըստ Ավետիսյանի՝ գնդի վրա հարձակման մասին ինքը տեղեկացվել է 2016թ.-ի հուլիսի 17-ին, որից հետո անմիջապես մեկնել է այնտեղ։
Խոսելով Յուրի Տեփանոսյանի սպանության մասին, Խաչատուր Ավետիսյանը նշեց, որ կրակոցը եղել է գնդի տանիքից, իսկ կրակողը եղել է Սմբատ Բարսեղյանը։
Պավլիկ Մանուկյանի հարցին, թե դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, Ավետիսյանը պատասխանեց.
«Պավլի´կ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք ներսում մնա, ու դրանից հետո ինձ հարցնո՞ւմ եք: Եթե Ձեր մերձավորին, հարազատին սպանեին, Դուք ո՞նց կվերաբերվեիք։ Որ սպանած լինեին, երեւի թե սա չլիներ»,-հայտարարեց Խաչատուր Ավետիսյանը։
Այնուհետեւ լեզվակռիվ սկսվեց «Սասնա Ծռերի» անդամների եւ Խաչատուր Ավետիսյանի միջեւ։
«Անհասկացողը դո՛ւ ես, թափթփո՛ւկ»,-նման վանկարկումներ հնչեցին նիստերի դահլիճում։
Դատական նիստն ընթանում է լարված մթնոլորտում։ Դատավորը կողմերին պարբերաբար հորդորում է չվիրավորել միմյանց։