Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու»  գործով մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի քրեական գործով դատական նիստն այսօր՝ փետրվարի 23-ին, շարունակվում է լարված մթնոլորտում:

Այսօրվա նիստին գործով անցնող ամբաստանյալների փաստաբանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով: Կլսեն նաև գործով անցնող ամբաստանյալների վերջին խոսքերը: 

Հիշեցնենք՝ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանից պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11, Գևորգ Սաֆարյանին` 4. 6, Ներսես Պողոսյանին` 4, Հրայր Թոփչյանին` 3, Սասունիկ Կիրակոսյանին` 4.6, Հովհաննես Պետրոսյանին` 2, Գալուստ Գրիգորյանին` 3 տարվա ազատազրկման:

Նշենք, որ դատական նիստն անցնում է լարված մթնոլորտում, Սեֆիլյանի կողմնակիցները զայրացած են:

Պաշտպանական ճառով հանդես եկավ Գալուստ Գրիգորյանի շահերի պաշտպան Աննա Ջուվանովան: Նա նշեց՝ իր պաշտպանյալն ընդունել է մեղքը, սակայն նրա քննության փուլում որոշակի խախտումներ են արձանագրվել: 

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-225-րդ հոդվածի 1-ին մասի, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Հավելենք՝ նախորդ դատական նիստին Ժիրայր Սեֆիլյանի համար, որպես մեղմացուցիչ հանգամանք, նշվեց խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալն ու Արցախի սահմանների պաշտպանության ժամանակ ունեցած ակտիվ մասնակցությունը: