Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 30-ին, Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը և Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեցին, որ իրենք տեղեկություններ ունեն, որ դատարանի շենքում գտնվող խցերում իրենց պաշտպանյալները խոշտանգվում և բռնության են ենթարկվում։
Պաշտպանները պահանջեցին, որպեսզի նիստը նախագահող դատավորը վերանայի նրանց նկատմամբ կիրառված սանկցիան և նրանց ներկայացնեն նիստերի դահլիճ, որպեսզի համոզված լինեն, որ նրանք անվտանգության մեջ են։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց, որ ամբաստանյալների նկատմամբ սանկցիա է կիրառվել դատական կարգը խանգարելու համար և եթե փաստաբանները երաշխավորում են, որ պաշտպանյալների կողմից դատական կարգի խախտում չի լինի, ապա միջնորդությունը ենթակա է բավարարման: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ եթե իր պաշտպանյալը ոտքի չի կանգնել, ապա առաջին դեպքում պետք է նախազգուշացում լիներ, ոչ թե միանգամից հեռացվեր նիստերի դահլիճից:
Հերթական ընդմիջումից հետո դատարան բերվեցին Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Հրայր Թոփչյանը, Ներսես Պողոսյանը, ովքեր սակայն դատավորի ներս մտնելու ժամանակ ոտքի չկանգնեցին: Քանի որ Հրայր Թոփչյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ ունեին նախազգուշացում որպես դատական սանկցիա, նրանց նկատմամբ սանկցիա կիրառվեց, ու Թոփչյանն ու Սաֆարյանը դատարանից հեռացվեցին 10 ժամ ժամանակով:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանի ու Ներսես Պողոսյանի նկատմամբ որպես դատական սանկցիա կիրառվեց նախազգուշացում:
Փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Տիգրան Հայրապետյանը մինչև դատավորի որոշում կայացնելը խնդրեցին դիրքորոշում հայտնել, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրանց խոսելու հնարավորություն չտվեց:
Դատական նիստը կրկին ընդմիջվեց 1 ժամով:
Նշենք, որ այս գործը քննվում է Երևանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար: