Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտեց Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու մասին փաստաբան Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդության քննարկումը: Հաշվի առնելով, որ դատավոր Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում, հաջորդ դատական նիստը նշանակվեց 2020 թվականի հունվարի 9-ին, ժամը 13:00-ին:

Միջնորդության քննարկման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները նշեցին, որ նրանք նույնպես ունեն նմանատիպ միջնորդություն, որը սակայն պետք է առանձին քննարկվի, քանի որ, չնայած պատճառաբանված մասում առկա ընդհանրություններին, կան նաև որոշակի տարբերություններ, միջնորդությունների առարկան և խնդրանքները տարբեր են և վերաբերում են տարբեր անձանց:

Պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով` որպեսզի որևէ մեկը քրեական պատասխանատվության ենթարկվի 2008 թվականի իրադարձությունների համար, անհրաժեշտ է, որ նրան վերագրվող արարքի նկարագրությունը համապատասխանի ինչպես այն ժամանակվա Քրեական օրենսգրքի 300 հոդվածին, այնպես էլ ներկայիս Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածին:

 

Ըստ նրա՝ ներկայիս դատախազները վիճում են վեց մյուս դատախազների հետ, որոնք 2009թ․ այդ հոդվածների վերաբերյալ ունեցել են բոլորովին այլ կարծիք:

Մինչ այդ Քոչարյանի փաստաբանական թիմը խնդրեց մինչև դատավորի արձակուրդ մեկնելը՝ այս շաբաթվա ընթացքում, ևս մեկ դատական նիստ կազմակերպել, որպեսզի հնարավորություն տրվի անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։ Հայկ Ալումյանը հիշեցրեց Եվրոպական դատարանի այն դիրքորոշումը, որ այն գործերը, որոնցով անձը գտնվում է կալանքի տակ, պետք է քննվեն առանձնահատուկ ջանասիրությամբ: Սակայն մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդները առարկեցին:

Իր հերթին պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն վերջին անգամ քննարկվել է հոկտեմբերին, մինչդեռ, եթե անձը գտնվում է կալանքի տակ, ապա հնարավորություն է տրված դա կոմպենսացնել՝ երկու ամիսը մեկ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելով: