Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 23-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստի մեկնարկին, փաստաբան Հայկ Ալումյանը չկարողացավ մտնել նիստերի դահլիճ։
Զննության ժամանակ փաստաբանից պահանջել են ծոցագրպանի գրիչը դնել սեղանին, սակայն Ալումյանը հրաժարվել է. «Ինձ չեն թողնում, որ մտնեմ դահլիճ: Եթե ես հիմա գրիչը դնեմ, կարող է պարզվել, որ ուրիշ առարկաներ էլ են արգելված։ Ինձ ասացին, որ կարող է արգելվել անգամ ջրի շիշը, քանի որ դրանով կարելի է հարվածել ինչ-որ մեկի։ Այդ դեպքում՝ կարելի է կոշիկով էլ հարվածել, հնարավոր է՝ հաջորդ դատական նիստին կոշիկներով մտնելն էլ արգելեն»,- ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ չկա բոլորի համար մի որոշում, որի մեջ նշված լինեն բոլոր իրերը, որոնք չի կարելի մտցնել դատական նիստերի դահլիճ:
Փաստաբանը կարգադրիչներից պահանջեց ներկայացնել օրենքով սահմանված ցանկ, որտեղ հստակ նշված կլինի՝ որ իրերով է արգելված մտնել նիստերի դահլիճ։ Կարգադրիչները զեկուցագիր գրեցին ու ներկայացրեցին դատավորին։
«Սասնա ծռերից» 14 անդամների գործով մյուս փաստաբանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որից հետո դատավորը գնաց խորհրդակցական սենյակ։
Դատական նիստն ընդմիջվեց մեկ ժամով։
Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էին պահել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվեց երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:
Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստով 14 և 18 մեղադրյալների մասերով երկու առանձին դատավարություն է ընթանում՝ նույն դատավորի նախագահությամբ: Զինված խմբի հիմնական մասը մեղադրվում է գնդի տարածքը գրավելու, պատանդ պահելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, փոխադրելու մեջ։ Երեք ոստիկանների սպանության համար մեղադրվում են խմբի անդամներից երկուսը: