Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա Ծռեր»-ի 14 անդամների գործով դատական նիստին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ:

Մինչև դատական նիստի մեկնարկը՝ դատարանի անցակետում փաստաբանները կրկին դժգոհում էին, որ դատական կարգադրիչները խուզարկում են իրենց: Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Լուսինե Սահակյանը հրաժարվեցին բացել պայուսակները և պարունակությունը ներկայացնել դատական կարգադրիչներին:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, դատական սանկցիա կիրառեց այդ երկու պաշտպանների նկատմամբ և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով կդիմի Փաստաբանների պալատ:

Դատավորի խոսելու ժամանակ «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը նստած տեղից խոսեց, իսկ դատավորը նկատողություն արեց: Սակայն Խանդոյանը շարունակեց խոսել:

Դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ նիստից հեռացնելու մասին սանկցիա է կիրառվում Խանդոյանի նկատմամբ: Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը պարզապես խմելու ջուր է ուզում, քանի որ վատառողջ է:

«Դատական նիստը խանգարելու համար Խանդոյանը հեռացվում է դատական նիստերի դահլիճից»,-պատասխանեց դատավորը:

Այնուհետև դատավորն ընթերցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի գրությունը: Փաստաբանը հայտնում էր, որ չի կարող նիստին մասնակցել, քանի որ իր պաշտպանյալը հեռացվել է նիստերի դահլիճից և արգելում է իր բացակայությամբ ներկայանալ նիստերին:

«Դատական կարգադրիչների արձանագրությունն ընթերցելիս՝ դահլիճից հեռացրիք իմ պաշտպանյալին և թույլ չտվեցիք որևէ պաշտպանի՝ արտահայտել իր դիրքորոշումը: Նշեմ, որ ինձ զննելու ժամանակ մետաղաորսիչ սարքը բազմաթիվ ձայնային ազդանշաններ արձակեց, իմ պայուսակում առկա էին մետաղական բազմաթիվ առարկաներ, սակայն ինձ անարգել ներս թողեցին: Իմ գործընկերներ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը նույնանման պայմաններում չկարողացան ներս մտնել: Քանի որ այդ մասին ձեր ապօրինի գործողությունների պատճառով չկարողացա հայտնել, գտնում եմ, որ դուք հովանավորում եք ձեր ապօրինությունները»,- գրել էր Պապիկյանը:

Փաստաբանը նշել էր նաև, որ չի կարող մասնակցել այսօրվա դատական նիստին, քանի դեռ դատարանը չի սկսել աշխատել օրինական դաշտում: