Այս օրերի ընթացքում փաստաբանական խմբի կողմից ստանձնվել է «Սասնա Ծռեր» խմբի բոլոր տղաների պաշտպանությունը: Հուլիսի 31-ին իրավապահ մարմիններին հանձնված տղաներին առաջադրվեց մեղադրանք, և նույն օրը նախաքննության մարմինը դիմեց դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ բոլորի մեղադրանքների որոշումները նույնաբովանդակ էր, նույն ստանդարտ ձևակերպումներով և որևէ մեկի գործողությունները անհատականացված չէին, այսինքն՝ մեղադրանքները զուտ վերացական և ընդհանրական բնույթ կրող ձևակերպումներից էին բաղկացած: «Այսինքն, եթե վերցնենք հրազեն և ռազմամթերք ձեռքբերելու, փոխադրելու և կրելու մեղադրանքը, ուրեմն որևէ մեկի դեպքում որոշակիացված չէր, թե ինչպես, որտեղ են ձեռք բերել, ուր են փոխադրել, երբ, որտեղ, ինչ պայմաններում են կրել, ինչ ռազմամթերքի մասին է խոսքը և այլն»,- ասաց Շուշանյանը:
Ըստ փաստաբանի՝ նախաքննության մարմինը որևէ ապացույց չէր ներկայացրել, որով դատարանին հնարավորություն կտար հետևության հանգելու հիմնավոր կասկածի կամ բացակայության հարցում, նույնը վերաբերում է պատանդ վերցնելու և պատանդ պահելու մեղադրանքին: Նկատում է, որ այդ կապակցությամբ ներկայացվել էին ընդամենը բուժաշխատողների ցուցմունքները, որոնցում նույնպես որևէ մեկի կոնկրետ գործողության նկարագրություն չի եղել:
Փաստաբանը չցանկանալով ցուցմունքները բացահայտել, բայց այնուամենայնիվ համոզմունք հայտնեց, որ այդ ցուցմունքներով պարզ չէր, թե կոնկրետ ով է զենքի կիրառմամաբ պատանդ վերցրել, այնուհետև զենքի սպառնալիքով պատանդի կարգավիճակում պահել բուժաշխատողներին:
«Փաստ է, որ խմբի անդամ տղաներից, ովքեր հուլիսի 31-ին դուրս են եկել ՊՊԾ գնդից և հանձնվել իրավապահ մարմիններին, որևէ մեկի մոտ որևէ հրազեն ու ռազմամթերք չի հայտնաբերվել, ամեն դեպքում նախաքննության մարմինը դրա վերաբերյալ որևէ ապացույց չէր ներկայացրել: Ներկայացվել էին բերման ենթարկելու վերաբերյալ արձանագրությունները, որոնցում որևէ խոսք չկար, որ նրանցից որևէ մեկի մոտ որևէ հրազեն է հայտնաբերվել: Ի՞նչ է դրանից հետևում՝ քր. օրենսգրքի համապատասխան հոդվածը զենքը կամովին հանձնելը դիտում է որպես քրեկան պատասխանատվությունից ազատելու հիմք, հիմնավոր կասկածի մասին խոսք գնալ չի կարող, որովհետև, եթե անգամ նրանք կրել են հրազեն և ռազմամթերք, ապա փաստ է, որ այդ հրազենը և ռազմամթերքը նրանց մոտ չի եղել գնդի տարածքից դուրս գալու ժամանակ, ինչը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք է: Նշանակում է, որ չէր կարող նրանց այդ հոդվածով մեղադրանք առաջադրել»,- ասաց Շուշանյանը: